ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թբիլիսիում կնշվի 111-րդ Վարդատոնը

Թբիլիսիում կնշվի 111-րդ Վարդատոնը

Սայաթնովյան Վարդատոնն այս տարի Թբիլիսիում կնշվի մայիսի 18-ին: Աշուղ Սայաթ Նովային նվիրված համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 13:00-ին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան), գրում է aliq.ge-ն:

111-րդ Վարդատոնը կսկսվի արդեն ավանդույթ դարձած քայլերթով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից․ մասնակիցները վարդեր կխոնարհեն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող աշուղ Սայաթ Նովայի շիրիմին։

Միջոցառումն իրականացնում է «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի և ավագանու ֆինանսական աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության, Վիրահայոց թեմի կրթամշակութային կենտրոնների և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի մասնակցությամբ։

«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի  նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։

Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։

«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր:

  • Կիսվել: