շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ողբերգությունն այն է` արցախահայերի վերադարձի մասին խոսում են շատ երկրներ, բացի ՀՀ իշխանությունից. Գառնիկ Դանիելյան

Ողբերգությունն այն է` արցախահայերի վերադարձի մասին խոսում են շատ երկրներ, բացի ՀՀ իշխանությունից. Գառնիկ Դանիելյան

Արցախի հարցը փակված չէ, էթնիկ զտում ու ցեղասպանություն է տեղի ունեցել և դրա արդյունքում հայրենազրկվել են 150 հազար մեր քույրերը և եղբայրները, և մեր պարտքն է, որպեսզի ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այսօր ժամը 12-ին տեղի ունեցավ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որին հրավիրված էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ հյուրի կարգավիճակով:  Կարևոր ուղերձներ են ընդունվել, որոնք կփոխանցվեն միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներին:

Արցախի հարցը փակված չէ, նույն միջազգային հանրության տարբեր դերակատարներ էլ դրա մասին բազմաթիվ հայտարարություններ են արել, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արցախահայերի մեր քույր-եղբայրների վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մի մաս: Այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ կան անելու:

Ցավոք սրտի միակ իշխանությունն ասեմ, երկիրն ասեմ, Հայաստանի Հանրապետությունն է, որը այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։ Կուրիոզը և ամբողջ ողբերգությունն այն է, որ դրա մասին խոսում են շատ երկրներ, բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից և իշխանություններից»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին՝ երբ են պատրաստվում Արցախի մասով հայտարարություններն ուղղել միջազգային հանրությանը, Դանիելյանը պատասխանեց.  «Շուտով,  այդ հայտարարություններն արդեն քիչ հետո նաև լրատվամիջոցներին հասանելի կլինեն, և դուք կտեսնեք, որ շատ կարևոր հայտարարություններ է հնչել, և այդ ուղղությամբ մենք պատրաստվում ենք աշխատանքները իրականացնել»:

  • Կիսվել: