ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
110 տարի առաջ տեղի ունեցածն ու արցախահայերի մերօրյա իրականությունը նույն ցեղասպանությունն է. հայտարարություն

110 տարի առաջ տեղի ունեցածն ու արցախահայերի մերօրյա իրականությունը նույն ցեղասպանությունն է. հայտարարություն

Անհնար է առանձնացնել 110 տարի առաջ տեղի ունեցածն ու արցախահայերի մերօրյա իրականությունը. սա մեկ եւ նույն ցեղասպանությունն է՝ ձգված ժամանակի մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պահպանության կոմիտեն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհեց է գլուխը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ավելի քան մեկուկես միլիոն հայեր համակարգված կերպով ոչնչացվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Դա ոչ թե պատերազմի հետևանք էր, ոչ էլ պատահական բռնության հետևանք. դա նախապես ծրագրված, սառնասրտորեն իրագործված հանցագործություն էր՝ ուղղված ամբողջ ժողովրդի վերացմանը։

Այսօր, մեկ դար և մեկ տասնամյակ անց, ցավով և խոր մտահոգությամբ ենք հայտարարում. հայ ժողովրդի ողբերգությունը չի ավարտվել 1915 թվականին։ Վերջին տարիներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները՝ էթնիկ զտումներ, հայ բնակչության բռնի տեղահանում իրենց պատմական հողից, մշակութային ժառանգության ոչնչացում և միջազգային հանրության լռությամբ ուղեկցվող անտարբերությունը՝ նույն ծրագրի շարունակությունն են։ Մենք ականատես եղանք նույն նպատակի նոր դրսևորման՝ հայ ժողովրդի պատմական ներկայության վերացման, նրա ու հայրենի հողի կապի խզման։

 

Սա երկու ցեղասպանություն չէ։ Սա մեկ եւ նույն ցեղասպանությունն է՝ ձգված ժամանակի մեջ։

Սա մեկ գաղափարախոսություն է, մեկ մտածելակերպ, նույն նպատակը հետապնդող շարունակական գործողություն՝ ժխտել հայ ժողովրդի գոյության իրավունքը որպես ազգ, որպես քաղաքակրթություն, որպես պատմության լիիրավ սուբյեկտ։

 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գիտակցել. անցյալի անպատժելիությունը ծնում է ներկայի ողբերգությունները։ Քանի դեռ 1915 թվականի ցեղասպանությունը համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել, և քանի դեռ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները արժանի իրավական ու քաղաքական գնահատականի չեն արժանացել, նման հանցագործությունների կրկնության վտանգը մնում է իրական։

 

Հայ ժողովուրդը հազարամյակների քաղաքակրթության, մշակույթի ու տոկուն ոգու կրող է։ Բայց նույնիսկ ամենահին ժողովուրդը չպետք է մշտապես լինի զոհի կարգավիճակում։ Մենք վրեժ չենք ուզում, մենք արդարություն ենք պահանջում։ Մենք չենք ձգտում հակամարտության, մենք փնտրում ենք ճշմարտություն։

 

Եվ այդ ճշմարտությունը սա է. անհնար է խոսել մարդու իրավունքների, խաղաղության և քաղաքակիրթ հարաբերությունների մասին, եթե 21-րդ դարում, ամբողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանությունը նորից դառնում է իրականություն։

 

Մենք պահանջում ենք.

Միջազգային ճանաչում ոչ միայն 1915 թ․ Հայոց ցեղասպանության, այլև Արցախում իրականացված էթնիկ զտումների՝ որպես նույն հակահայ քաղաքականության շարունակություն։

Անկախ, միջազգային մասնակցությամբ հետաքննություն և իրավական գնահատում 2020–2023 թթ․ իրադարձությունների վերաբերյալ։

Հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադառնալու, ապահով և արժանապատիվ ապրելու, մշակութային ինքնությունը պահպանելու իրավունքի լիարժեք պաշտպանություն։

Այսօրվա լռությունը վաղվա մեղսակցությունն է։

Թող այս հիշատակի օրը չլինի միայն սուգի օր, այլ դառնա ճշմարտության, արդարության և նման ողբերգությունների չկրկնվելու հստակ երաշխիքի ուղենիշ։

  • Կիսվել: