շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ընդհանուր պատկերը բավարար է. բռնցքամարտի Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ

Ընդհանուր պատկերը բավարար է. բռնցքամարտի Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ

Ընդհանուր պատկերը բավարար է: Որոշ մենամարտերում տղաները առաջին երկու ռաունդներում շատ լավ են աշխատում երրորդ ռաունդում հոգնում են, կաղում են: Ֆիզիկական պատրաստվածության վրա շեշտադրություն պիտի արվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը:

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոններ դարձան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Հմայակ Հարությունյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ): Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոններն են՝ Արեւիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանы (60 կգ), Անահիտ Միքայելյան (70 կգ):

«Այսօր շատ համառ եւ անզիջում մենամարտեր տեղի ունեցան: Նախկինում իրենց բարձր կարգը ցույց տված բռնցքամարտիկներից շատերը այսօր դարձան Հայաստանի չեմպիոններ: 92 կգ քաշային կարգում աչքի ընկավ Դավիթ Սիմոնյանը: Նա երիտասարդներից նոր է տեղափոխվել մեծահասակներ եւ այս քաշային կարգում դարձավ հաղթող: Այս քաշում մենք ունենք առաջատար՝ Նարեկ Մանասյանը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի առաջնությունը: Ուրախացնող էր Դավիթ Սիմոնյանի արդյունքը եւ շատ կարեւոր է, որ երիտասարդները հաղթանակով են նորամուտը նշում մեծահասակների ռինգում: Այսպիսի հաղթանակները նրանց օգնում են իրենց ուրույն տեղը գտնել մեծահասակներում:


Ընդհանուր պատկերը բավարար է: Ֆիզիկական պատրաստվածության վրա շեշտադրություն պիտի արվի: Որոշ մենամարտերում առաջին երկու ռաունդներում մեր տղաները շատ լավ են աշխատում, լավ մենամարտեր են անում, բայց երրորդ ռաունդում դիմացկություն չեն ունենում, տեխնիկական եւ տակտիկական պատրասվածությունը չի բավարարում, հոգնում են, կաղում են: Շատ աշխատանք ունենք անելու:

Հայաստանի առաջնությունից հետո թիմը կպատրաստվի մայիսին անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մինչեւ այդ ունենք երկար նախապատրաստական փուլ: Կմեկնարկենք Ծաղկաձորի հավաքով, ապա կշարունակենք Երեւանի «Օլիմպավանում»: Ապրիլին Երեւանում տեղի կունենա միջազգային մրցաշար: Այդ մրցաշարի արդյունքներով կձեւավորվի կազմը աշխարհի առաջնության համար»,- ասաց Ռուդիկ Մկրտչյանը:

Հայաստանի առաջնության եզրափակիչներին հետեւում էր նաեւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Այս մրցաշարին շատ ուշադիր չեմ հետեւել: Կռվում են տղաները: Լավ է, թե վատ է, գնահատական չեմ ցանկանում տալ: Ճիշտ աշխատել է պետք: Ցանկանում եմ, որ ավելի լավ լինի: Ես այժմ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն եմ: Այսօր ռինգ դուրս եկած բոլոր տղաների հետ ճանապարհ ունեմ անցած, բոլորին շատ լավ գիտեմ, նրանց թույլ եւ ուժեղ կողմերը գիտեմ: Կան տեղեր, որտեղ շատ աշխատանք կա տանելու, կա տեղեր, որոնք պետք է ուժեղացնել: Ցանկանում եմ, որ այն սխալները, որոնք եղել են՝ շտկվեն, թիմն ավելի ուժեղանա եւ լավ արդյունքներ ցույց տան»,- նշեց Կարեն Աղամալյանը:

Հիշեցնենք, որ ֆեդերացիայի որոշմամբ՝ Կարեն Աղամալյանին գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Աղամալյանը նշանակվեց երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ:

  • Կիսվել: