Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է ռուսական կողմի հարվածների մասին վաղ նախազգուշացման հարցը
Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, քննարկել ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների մասին վաղ նախազգուշացման հարցը։
«Զրույցն առարկայական էր` կարևոր հարցերի շուրջ։ Շնորհակալ եմ օգնելու պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար: Առաջինը բալիստիկ հրթիռների որսիչներն են, որոնք անհրաժեշտ են մարդկային կյանքը պաշտպանելու համար։ Երկրորդը` ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների մասին վաղ նախազգուշացումն է, ինչը կենսական նշանակություն ունի։ Երրորդը Starlink-ի և Starshield-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, որոնց աշխատանքը պետք է վերականգնվի»,- տեղեկացրել է Զելենսկին։
Նախագահի խոսքով` Կիևի դիվանագիտական ջանքերն ուղղված են պատերազմի ավարտին և մարդկանց սպանությունների դադարեցմանը:
Զելենսկին հավելել է, որ Ռուբոյի հետ պայմանավորվել են շուտով նորից կապ հաստատել` արդիական տեղեկատվություն փոխանակելու համար։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Սպիտակ տնից հրահանգ չի եղել Starlink-ին Ուկրաինայի հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ռուբիոն հայտնել էր, որ Ուկրաինան ներկայում զրկված է ռազմական նշանակության Starshield արբանյակային կապի համակարգի նկատմամբ հասանելիությունից։ Հոկտեմբերի 19-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ Starlink/Starshield համակարգերից օգտվելու սահմանափակումները պահպանվում են, իսկ ռազմաճակատի տարբեր հատվածներում կապը դադարում է աշխատել 130-161 կմ/ժամ արագության դեպքում։
Starlink-ը կենսական նշանակություն ունեցող գործիք է, որը Կիևին թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի ռուսական թիրախներ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ Starlink-ի ռազմական նշանակության Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ «արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ զինված ուժերը, իսկ վերջնական որոշումն ԱՄՆ նախագահինն է»։



