«Սեփական խաղաոճի և ազգային փիլիսոփայության մշակում». Ռոբերտ Արզումանյանը ներկայացրել է ֆուտբոլային հարցեր, որոնց պատասխանները հետաքրքրում են բոլորին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ներկայացրել է ֆուտբոլային հարցեր, որոնց պատասխանները հետաքրքրում են երկրպագուներին, նվիրյալներին եւ մյուս բոլորին։
«Հատված՝ 2019-2025թ ռազմավարությունից։
Մինչեւ 2025 թվականը կառուցել եւ շահագործման հանձնել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտերի չափանիշներին համապատասխան եւ նվազագույնը 32,000 տարողունակությամբ Ազգային նոր մարզադաշտ։
Մինչեւ 2023 թվականը կառուցել եւ շահագործման հանձնել ֆուտբոլային ժամանակակից միտումներին եւ չափանիշներին համապատասխանող նոր Տեխնիկական կենտրոն։
Մինչեւ 2025 թվականը Ազգային հավաքականի որակավորումն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին։
Մինչեւ 2025 թվականը Մ 17, Մ 19 եւ Մ 21 տարեկանների ազգային հավաքականների որակավորումը ՈՒԵՖԱ-ի համապատասխան տարիքային խմբերի առաջնությունների եզրափակիչ փուլերին՝ օժանդակելով այդ հավաքականներում Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստների պատրաստմանը։
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների թիվը 10-ից հասցնել 12-ի։
Առաջին խմբի առաջնությունը դարձնել Բարձրագույն խմբից անկախ առաջնություն՝ մասնակից ակումբների թիվը հասցնելով 10-ի։
Ստեղծել նոր Երիտասարդական առաջնություն՝ Բարձրագույն եւ Առաջին խմբերի ակումբների դուստր թիմերի համար։
Համապատասխան լոբբինգի իրականացում Կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում համագործակցության եւ աջակցության ծրագրերի մշակման նպատակով։
Մարզերում ֆուտբոլի զարգացման հիմնադրամի ստեղծում։
Կառուցվող ենթակառուցվածքների հետագա պատշաճ շահագործման եւ արդյունավետ կիրառելիության ծրագրի մշակում։
Ֆուտբոլիստի զարգացման ծրագրի մշակում։
Սեփական խաղաոճի եւ ազգային փիլիսոփայության մշակում։
Ֆուտբոլիստների հոգեբանական, սննդակարգային եւ ֆիզիոլոգիական զարգացման ծրագրերի մշակում։
Զարգացած սկաուտային համակարգի ներդրում։
Տեղեկատվության տարածման եւ փոխանակման պլատֆորմի, հավաքագրված տվյալների վերլուծության համակարգի եւ տեղեկատվական բազայի ներդրում»,- Facebook-ում գրել է Արզումանյանը։