Սարգիս Ստեփանյանը՝ Եվրոպայի պարա-բազկամարտի չեմպիոն
Հայկական բանակի հատուկջոկատային, պատերազմի ընթացքում 2 ոտքից ու աջ թևից զրկված հետախույզ, աշխարհի ու Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել. նա դարձել է 2025 թվականի Եվրոպայի Պարա-բազկամարտի չեմպիոն:
«Սիրելի հայրենակիցնե՛ր, 2025 թվականի հունիսի 5-ին, Ռումինիայի Քլուժ-Նապոկա քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում դարձա Եվրոպայի չեմպիոն: Սա պարզապես մեդալ չէ։ Յուրաքանչյուր հաղթանակ պատմություն ունի՝ մարզումներ, հաղթահարված ցավ, թիմային աջակցություն ու անձնական պայքար։ Ուրախ եմ, որ կարողացա կրկին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։
Իմ սպորտային ճանապարհը բազկամարտում սկսվել է 2015 թվականից, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այդ ժամանակից ի վեր՝ Եվրոպայի Պարա-բազկամարտի առաջնության հնգյակի, Աշխարհի Պարա-բազկամարտի առաջնության եռակի, չեմպիոն և Աշխարհի բազկամարտի կրկնակի գավաթակիր։ Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ։
Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հավատքի ու ուժ տվող խոսքերի համար։ Առջևում՝ նոր մարտահրավերներ»,- գրել է նա։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/06/06/158816