ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան

Հավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի ընտրանու դեմ կայանալիք ստուգողական հանդիպմանը։ Խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, գրում է armsport.am-ը:

Ասուլիսի ընթացքում խոսվել է մրցակցի գլխավոր մարզչի հետ ունեցած լավ ու ջերմ հարաբերությունների մասին, ինչը, ըստ բանախոսների, կրկնակի շարժառիթ է ստեղծում վաղվա խաղում ուժերի գերլարումով հանդես գալու և սովորականից ավելին անելու համար։
Անդրադառնալով անհատական մարզավիճակին՝ Թիկնիզյանն անկեղծացել է, որ թեև դժվարանում է ինքնագնահատական տալ, սակայն ակումբային մակարդակում գրանցած վերջին արդյունքները՝ գոլերն ու գոլային փոխանցումները, իրեն շատ են ոգևորել և վստահություն հաղորդել:

Պաշտպանը հատուկ ընդգծել է ազգային թիմի մարտական տրամադրվածությունը և նշել, որ հավաքականում չեն ընդունում «ընկերական խաղ» հասկացությունը։ «Ստադիոն են գալու երկրպագուներ, և մենք դաշտ ենք դուրս գալիս մեր ազգին հաղթանակ պարգևելու նպատակով: Թեև ստուգողական հանդիպումները տեղին են և անհրաժեշտ, բայց մեզ համար առաջնայինը հաղթելն է», — նշել է նա:

Թիկնիզյանի խոսքով՝ հավաքականում որոշակի երիտասարդացում է տեղի ունեցել, և թիմն այժմ մեծ ներուժ ունի։ Նա ընդգծել է, որ խաղադաշտում անձնագրային տվյալներն անկարևոր են. «Երբ մտնում ես խաղադաշտ, բոլորն հավասար են, և մենք փորձում ենք այս մտածելակերպը սերմանել նաև երիտասարդների մոտ։ Ոգևորությունն ու պատասխանատվության զգացումը բոլորիս մոտ նույնն է։ Ես ցանկանում եմ լինել լավագույնն իմ դիրքում և մաքսիմալ օգտակար լինել թիմին։ Վստահ եմ՝ բոլորն են այդպես տրամադրված»:

Գնահատելով վաղվա մրցակցին՝ ֆուտբոլիստը նշել է, որ Բելառուսը բավականին ամուր կոլեկտիվ է, իսկ վարկանիշային աղյուսակում թիմերի դիրքերն իրարից հեռու չեն: Սակայն նա համոզմունք է հայտնել, որ լավ և որակյալ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում Հայաստանի հավաքականն ի զորու է հաղթանակ տոնել:

Ամբողջականը՝ այստեղ․

  • Կիսվել: