շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

«Ինտերը» պաշտոնապես հայտարարեց Լուիս Էնրիկե Տոմաս դե Լիմայի տրանսֆերի մասին՝ բրազիլացի խաղացողը «Մարսելից» միացել է թիմին մշտական պայմանագրով, գրում է armsport.am-ը:

2001 թվականի դեկտեմբերի 14-ին Ժուան Պեսոայում ծնված Լուիս Էնրիկեն իր պատանեկան տարիներն անցկացրել է «Բոտաֆոգոյում», որտեղից 18 տարեկանում տեղափոխվել է «Օլիմպիկ Մարսել»։ Ֆրանսիական ակումբում նրա առաջին շրջանը դժվար էր՝ 49 խաղում ընդամենը մեկ գոլ։ 2022-ին նա վերադարձել է «Բոտաֆոգո»՝ վարձավճարով, խաղաժամանակ և վստահություն ձեռք բերելու համար։

2023-ի վերջին նա կրկին միացել է «Մարսելին», և 2024/25 մրցաշրջանը դարձել է բեկումնային։ Գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի ղեկավարությամբ Լուիս Էնրիկեն դարձել է մեկնարկային կազմի անբաժանելի մաս՝ 35 խաղում խփելով 9 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ «Մարսելն» ավարտել է Լիգա 1-ը երկրորդ տեղում՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

36.98 կմ/ժ առավելագույն արագությամբ նա դարձել է Լիգա 1-ի ամենաարագ խաղացողներից մեկը։ Տեխնիկական, արագ և բազմակողմանի՝ նա կարող է խաղալ հարձակման գծում՝ թե՛ ձախ, թե՛ աջ եզրերում։

«Լուիս Էնրիկեն դարձել է «Ինտերի» պատմության 36-րդ բրազիլացի խաղացողը՝ Միլան ժամանելով ինքնավստահությամբ և նոր հաղթանակների ձգտումով։ Նոր սկզբի ժամանակն է»,- գրված է «ներաձուրիների» պաշտոնական կայքում։

  • Կիսվել: