ԵԱ-ի արդյունքն ինձ դրդեց դառնալ երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր. Աննա Ամրոյան
Սպորտի գեղեցկությունը մեդալների մեջ չէ, այն հպարտության պահերի մեջ է, նույնիսկ այն պահերի, որտեղ մարզիկները չունեն չեմպիոնական ոսկի, բայց բավական կամք են ունեցել համառության, պայքարի համար: Սպորտի գեղեցկությունը մրցաշարերում դրական կամ բացասական արդյունքների մեջ չէ, այն ամենօրյա մարզումների, նվիրվածության, հավատի, եռանդի մեջ է, սպորտի գեղեցկությունը երազանքին ամեն պահ հավատալու մեջ է:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն իր դիրքն ամրապնդում է համաշխարհային սպորտում նոր ու երիտասարդ մարզիկների շնորհիվ, ովքեր իրենց ուսերին տանում են պատասխանատվության ծանր բեռը և գիտեն երազանքների «գինը»: 2026 թվականը թե՛ անկումային, թե՛ նվաճումներով լի էր հավաքականի անդամ Աննա Ամրոյանի համար: Նա դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Ամրոյանը պատմել է ծանրամարտում հայտնվելու, իր երազանքների ու հավաքականի մասին:

-Աննա, ե՞րբ եք սկսել մարզվել ծանրամարտով:
-Սկզբում ծանրամարտով չեմ հետաքրքրվել: 6 տարեկանից մի որոշ ժամանակ զբաղվել եմ մարմնամարզությամբ: Երեք տարի անց մայրիկիս հետ որոշեցինք, որ ես պետք է զբաղվեմ ծանրամարտով: Մայրս իսկապես շատ է սիրում ծանրամարտ մարզաձևը: Իսկ ծանրամարտի դահլիճ առաջին անգամ եկել եմ մայրիկիս ու մորեղբորս հետ: Սակայն հայրիկս դեմ էր, նույնիսկ թույլ չէր տալիս, որ մարզումների գայի: 2019 թվականից մինչև այսօր ամբողջությամբ նվիրված եմ ծանրամարտին:
-Եղե՞լ է մի մրցաշար, որը բեկումնային եք համարում մարզաձևի ընտրության հարցում:
-Գիտեք, ինձ մոտ ծանրամարտում առաջ գնալը բավականին բարդ է ստացվում, նույնիսկ ամեն մի կիլոգրամը, որ ավելացնում եմ յուրաքանչյուր անգամ՝ երկար ու դաժան մարզումների շնորհիվ: Այժմ էլ, երբ առջևում մի քանի մրցաշարեր ունենք տարբեր տարիքային խմբերում, ունեմ վնասվածք ու դեռ չգիտեմ, թե ինչ բարդությունների միջով պիտի անցնեմ: Եղել են մրցաշարեր, որոնց ժամանակ ինձ հաջողվել է ծանրաձողը գլխավերևում պահել բոլոր մոտեցումների ժամանակ էլ, ու եղել է նաև տապալված մրցաշար: Կարևորում եմ այն հանգամանքը, որ դեռևս կայացման փուլում եմ: Հիմա կյանքս չեմ էլ պատկերացնում առանց ծանրամարտի:
-Ո՞րն է Ձեր նպատակն այս մարզաձևում:
-Գիտեք, ուզում եմ բոլորին ապացուցել, որ կարող ենք ծանրամարտով զբաղվել ու մնալ կանացի, գեղեցիկ ու ներդաշնակ:
-Աննա, ամիսներ առաջ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Դուք պոկում վարժության անհաջող ելույթից հետո հրում վարժությունում դարձաք ոսկե մեդալակիր, ի՞նչ տեղի ունեցավ:
-Հիմա տարօրինակ կհնչի, բայց պոկում վարժությանը նախորդած շրջանում ես կատարել եմ իմ լավագույն մոտեցումները՝ ավելի բարձր քաշերով, որոնցից ավելի ցածր էի պատվիրել: Ինձ մոտ տպավորություն է, որ պոկում վարժության ժամանակ ինքս ինձ չէի զգում իմ մարմնի մեջ: Սակայն ամեն ինչ փոխվեց հրման ժամանակ, քանի որ հրում վարժությունն իմ «զենքն» եմ համարում: Սակայն երկու վարժությունների արանքում առկա ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ու ինձ շատ ոգևորող խոսքեր ասաց:
-Կան մարզիկներ, որոնք բավականին բարդ են ինքնատրամադրվում: Սակայն Դուք բացառություններից եք ու երբ դուրս եք գալիս մրցահարթակ, նույնիսկ լսելի ձայնով ոգևորում եք ինքներդ ձեզ: Այս կե՞րպ եք տրամադրվում:
-Ինքս ինձ ոգևորելը շատ կարևոր է ինձ համար: Նույն մոտեցումն ունեմ նաև, երբ սովորական մարզումային գործընթացում եմ անգամ: Այդ գոռոցը ուժն արտահայտելու միջոց է:

-Եվրոպայի առաջնությունից մի քանի օր անց Դուք երիտասարդների աշխարհի առաջնությունում դարձաք ոսկե մեդալակիր: Կարծես երկու տարբեր «Աննաների» տեսանք: Ի՞նչն էր փոխվել այդ ժամանակ:
-Ինքս ինձ համար հստակ առաջադրանք էի դրել՝ գերազանց կատարել պոկում վարժության բոլոր մոտեցումները: Մտքում միայն Աստծուն խնդրում էի, որ ուժ տար, որ հաջողեմ: Ու երբ պոկում վարժության երեք մոտեցումները ստացված էին, հրումին առավել ոգևորված մոտեցա ու ստացվեց այնպես, որ կարողացա դառնալ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
-Հիմա ափսոսանք ունե՞ք Եվրոպայի առաջնության անհաջող ելույթի համար:
-Շատ չնչին ափսոսանք ունեմ, այո, բայց նաև հասկանում եմ, որ Եվրոպայի առաջնության արդյունքն ինձ դրդեց դառնալ երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
-Ծանրամարտում կարևոր է տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ միայն երկուսի համադրությունը կբերի ցանկալի արդյունքի:
-Սպորտում կամ տաղանդը, կամ աշխատասիրությունը պարտադիր պետք է ունենաս: Այն կարծիքին եմ, որ տաղանդով կարելի է նվազագույն նվաճման հասնել, սակայն ավելիին հասնելու համար բացառապես աշխատասիրություն է պետք:

-Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն այժմ սերնդափոխություն է ապրում: Ինչպիսի՞ հավաքական ունենք:
-Մեր թիմով այնպես ենք անում, որ միասնական, մեկ մարդու ու ընտանիքի պես առաջ գնանք, աճենք ու մեդալներ նվաճենք, որտեղ շատ մեծ է մեր մարզիչների՝ Արտաշես Ներսիսյանի, Տարոն Թովմասյանի, Քրիստինե Պետրոսյանի ավանդը: Իրենց շնորհիվ է, որ գտնում ենք այն ներուժը, որը հետագայում դառնում է մեդալների համար մղվող պայքարի մի մասը:
-Ովքե՞ր են բոլոր ժամանակների երեք լավագույն ծանրորդները:
-Տղամարդկանցից՝ Յուրի Վարդանյանը, իսկ կանանցից՝ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:
-Այս պահին երազանք ունե՞ք:
-Երազում եմ աշխարհի առաջնության ոսկու մասին:
-Բոլորս ունենք մեր կյանքում մեկին, ով մեզ համար մոտիվացիայի սկիզբ է, ո՞ւմից եք ոգեշնչվում:
-Սպորտային կյանքում իմ կողքին միշտ եղել ու մնում է անձնական մարզիչս՝ Քրիստինե Պետրոսյանը, ում համարում եմ իմ ոգեշնչման աղբյուրը:
-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը՝ ո՞րն է մարդկային մեծագույն արժեքը, որը գնահատում եք դիմացինի մեջ:
-Բարությունն ու հավատարմությունը:

-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:
-Տիգրան Մեծը:
-Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում. ի՞նչ կվերցնեք ձեզ հետ:
-Դիմահարդարման պարագաներս (հեղ.՝ ծիծաղում է):
-Եկեք պատկերացնենք՝ Դուք բռնել եք «ոսկե ձկնիկ» ու ունեք 3 ցանկության հնարավորություն:
-Աշխարհի առաջնության ոսկե մեդալը, ու եթե կկատարվի՝ նաև Օլիմպիական խաղերի ոսկին (հեղ.՝ բարձր ծիծաղում է), ու նաև իմ անձնական վարսահարդարման սրահը:
-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:
-Շնորհակալություն, ու թող միշտ մնա կողքիս, քանի որ ի սրտե հավատում եմ Նրան:
-Անչափ շնորհակալ եմ զրույցի համար:



