հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ կարևորելով կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը։

«ՀՀ Կառավարությունը մեծապես կարևորում է սպորտի զարգացումն ու մասսայականացումը հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում: Սպորտի ռազմավարության առաջնային թիրախներից է Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, և այս առումով կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը Հայաստանում մեզ համար կարևոր փորձառություն է: Այս մարզաձևը լայն տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում, ուստի առաջնության անցկացումը կնպաստի ինչպես կարատեի առավել տարածմանն ու զարգացմանը, այնպես էլ 2027 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնության նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողականությունը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հյուրընկալելու հարցում և վստահություն հայտնել, որ այն իրադարձային կլինի հայկական մարզաշխարհի համար:

«Կարատեն ինստիտուցիոնալ մարզաձև է, և հույս ունեմ այս մրցաշարը կնպաստի Հայաստանում կարատեի նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանը»,- ասել է Անտոնիո Էսպինոսը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին  համագործակցության համար:

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնության կազմակերպչական և ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: