Ուժեղ կարկուտի հետևանքով Մեծ Այրում խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի բնակավայրերից Ճաճկանում և ևս մի քանի բնակավայրերում մոտ 5 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, տների տանիքներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։
Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։ Շատ գյուղացիներ, որոնք ողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։