ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ծաղկունքում 48-ամյա ազգականը ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է 62-ամյա տղամարդուն

Ծաղկունքում 48-ամյա ազգականը ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է 62-ամյա տղամարդուն

Մայիսի 30-ին՝ ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
 
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։
 
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։
 
Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:
 
«Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-ամյա տղամարդուն:
 
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
 
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: