Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար
Հայաստանում կինոարտադրությունը մրցունակ արդյունաբերության վերածելու ներուժ կա։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում անդրադառնալով կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանն՝ այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս ուղղությամբ կարևոր գործիք է կինոարտադրության ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որն արդեն նպաստում է Հայաստանում նոր կինոնախագծերի իրականացմանը»,– նշել է նա։
Նախարարի տեղեկացմամբ՝ ստացվել է 11 ֆիլմի հայտ, որոնցից 5-ի համար արդեն իրականացվել է ավելի քան 100 մլն դրամի ներդրումների մասնակի վերադարձ։
Մյուս հայտերով փոխհատուցումները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։
Նախարարն ընդգծել է, որ մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունը շարունակելու է միաժամանակ կենտրոնանալ պատմամշակութային ժառանգության պահպանության, մշակութային կյանքի բազմազանության, մարզային մշակույթի զարգացման, մշակութային ու ստեղծագործական ոլորտների տնտեսական ներուժի ընդլայնման ուղղություններով։


