Թմրամիջոցի փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում:
Տեղեկությունն իրացվել է մայիսի 18-ին: Ժամը 14:15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 12 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ Տելեգրամ ալիքի միջոցով մարիխուանայով 20 փաթեթ է վերցրել Երևանում, որոնցից 8-ն արդեն տեղադրել է հիշյալ ռեստորանի մոտակայքում:
Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված գործողություններով վերցվել է արդեն տեղադրված 8 փաթեթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: