կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
ՏԿԵՆ տեղակալը մասնակցել է «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին

ՏԿԵՆ տեղակալը մասնակցել է «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը 2025 թվականի մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետությունում (ք. Մանիլա) մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին (AWUF 2025)։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

AWUF 2025-ի նպատակն է խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, քաղաքային պլանավորման մեջ կանաչ լուծումները, շրջանաձև տնտեսության ներդրումը և կոշտ կենցաղային թափոնների կառավարման թվայնացումը, քանի որ մնացել է հինգ տարի՝ մինչև ՄԱԿ կայուն զարգացման նպատակների՝ ԿԶՆ 2030, վերջնաժամկետը:

Ֆորումի աշխատանքներին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ Ֆորումին Հայաստանից մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է միջոցառման բացման և պլենար քննարկումներին, ինչպես նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել ԱԶԲ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Ե․ Ժուկովի, Ջրի և քաղաքային զարգացման գրասենյակի ավագ տնօրեն Ն․ Սաիտոի, Ջրի և քաղաքային զարգացման գրասենյակի Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի թիմի տնօրեն Ջ․ Հուանգի հետ։ Քննարկվել են ջրային ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, քաղաքային պլանավորմանը վերաբերող հարցեր։

Վ․ Կոստանյանի կողմից ներկայացվել են վերոնշյալ ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։

 

  • Կիսվել: