ՏԿԵ նախարարը քննարկել է Լոռու մարզի համայնքներում առկա խնդիրներն ու առաջիկա հրատապ անելիքները
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների և համայնքներում առկա խնդիրների քննարկումն էր, առաջիկա աշխատանքների պլանավորումը։
Մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են բնակավայրերում իրականացվող ծրագրերը, անդրադարձել համայնքային հրատապ մի շարք խնդիրների։ Քննարկել ենք նաև նախորդ տարի Լոռու մարզի՝ ջրհեղեղի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Ներկայացվել են նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները»,- գրել է Խուդաթյանը: