«Տեր կանգնեք իրենց խոստումներին և չփորձեք պայմաններ թելադրել». Միկոյան 64-ի բնակիչները փակել են Եղվարդի խճուղին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները կրկին փակել են Անաստաս Միկոյան փողոցը, Եղվարդի խճուղին:
Լուսանկարին կից իշխանական պատգամավորը գրել է. «Միկոյան 64-ի մասին. թերևս շատերը գիտեն (արդեն), որ, ի թիվս հարյուրավոր այլ բարեխիղճ գնորդների, ես նույնպես հանդիսանում եմ մարդ, որը գնման իրավունքով, վարկով բնակարան է ձեռք բերել, մինչ այժմ չունի սեփականության վկայական և սպասում է այս հարցի հանգուցալուծմանը:
Հաշվի առնելով ԱԺ պատգամավորի կարգավիճակս՝ անգամ հրապարակային չեմ էլ խոսել այս գործընթացի, խնդիրների ու ռիսկերի մասին, որպեսզի դա չընկալվեր որպես դիրքի չարաշահում կամ որևէ այլ կերպ չմեկնաբանվեր:
Չնայած դրան, բնականաբար, ոչ միայն հետևել ու տեղյակ եմ եղել խնդիրներին, այլ նաև կառավարության և այլ մարմինների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է կոնկրետ ինձ, այլ որովհետեւ խոսքը վերաբերում է հարյուրավոր գնորդների, և այս դեպքում ռիսկերը չկառավարելը և խնդիրն անտեսելը կարող է դոմինոյի էֆեկտ և բացասական ազդեցություն ունենալ ընդհանրապես գնման իրավունքով անշարժ գույք ձեռք բերելու գործընթացի վրա:
Ասեմ, որ վերջին 1-2 տարիների ընթացքում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք պիտի չեզոքացնեն հետագայում նման իրավիճակների առաջացման ռիսկերը: Որոշ կարգավորումներ էլ առաջիկայում կընդունվեն՝ բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանելու համար:
Այդ օրենքները կոնկրետ այս դեպքին չեն կարող վերաբերել, սակայն կառավարությունն ինտենսիվ զբաղվում է հարցի լուծմամբ: Իհարկե, իր հնարավորությունների և իրավունքների սահմաններում, մանավանդ, հաշվի առնելով, որ գործ ունենք սնանկության գործընթացի հետ:
Մինչ այդ, ընդամենը մի բան կասեմ՝ որպես քաղաքացի և որպես ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ պատգամավոր:
Ճիշտ է, ներկայումս իրավական պրոցեսներ են ընթանում, սակայն անկախ ամեն ինչից՝ ցանկացած իրեն հարգող գործարարի ամենամեծ կապիտալը գործարար համբավն է և վստահությունը: Միամտություն է կարծել, որ մանավանդ այսօր՝ ինֆորմացիայի արագ տարածման ժամանակաշրջանում, հնարավոր է անպատասխանատու վարքագիծ, անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների ու գործընկերների նկատմամբ, ու շարունակել հաջողությամբ աշխատել նույն կամ այլ ոլորտներում: Լինի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների, բիզնես գործընկերների թե պետական մարմինների հետ՝ հաշվի է առնվելու նախկին գործունեությունը, իսկ դա անհնար է քողարկել, այն էլ՝ Հայաստանի նման փոքր երկրում:
Համոզված եմ՝ կառուցապատող ընկերությունը (և դրա սեփականատերերը) այս ամենը շատ լավ հասկանում են: Նաև կարծում եմ, որ նրանք դեռ չեն կորցրել ամեն ինչ շտկելու և ներկա ու ապագա գնորդների վստահությունը վերականգնելու հնարավորությունը: Դրա համար շատ բան պետք չէ. պարզապես պետք է հիշել՝ ինչ են խոստացել իրենց գրասենյակ այցելած մարդկանց (այդ թվում՝ ինձ), և տեր կանգնեն իրենց խոստումներին՝ ձեռնպահ մնալով տարբեր պատրվակներով ու սողանցքներ օգտագործելով մարդկանց ինչ-ինչ պայմաններ թելադրել փորձելու պրակտիկայից»: