երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ ինֆորմացիան հնարավոր է ներկայացնել բջջային հավելվածով

Ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ ինֆորմացիան հնարավոր է ներկայացնել բջջային հավելվածով

Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ թերությունների վերացման վերաբերյալ: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկատվություն տրամադրել և ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողությամբ սպասարկվող ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ: «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածն անվճար է և հասանելի PlayMarket և AppStore հարթակներում:

Թերություն արձանագրելու համար քաղաքացին պետք է՝

ա) հավելվածի համապատասխան հնարավորութունների կիրառմամբ կատարի տեղորոշում, կցի լուսանկար, մեկնաբանի թերությունը և լրացնի իր էլհասցեն: Նշված գործողությունների իրականացման համար բջջային հավելվածում առկա է նաև եռալեզու «Ուղեցույց».

բ) իր էլհասցեից տեղեկանա հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իր արձանագրած թերության վերացման կամ ընթացքի վերաբերյալ:

«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածում պահպանվում են քաղաքացու կողմից արձանագրված թերությունները «Հաղորդված թերություններ» բաժնում:

Վերը նշված գործընթացներն ապահովելու նպատակով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի» համապատասխան բաժնում փոփոխություններ են իրականացվել:

  • Կիսվել: