հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։
 
Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի և բռնկումների առաջացման պատճառ:
 
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:
 
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար`
 
  • լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
  •  
  • մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե,
  •  
  • սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում, շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
  •  
  • խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես` փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
  •  
  • մի՛ օգտագործեք կասկածելի ջուր (համը և հոտը փոխված, պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործե՛ք միայն եռացնելուց հետո կամ խմե՛ք շշալցված ջուր,
  •  
  • ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
  •  
  • մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ,
  •  
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի:

  • Կիսվել: