«Ստիպե՞լ եք Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ». Ավանեսյանը դա «ստահոդ պնդում» անվանեց
Այդ շահարկումների, ստահոտ պնդումների վերաբերյալ որևէ միտք, ցանկություն չունեմ անդրադառնալու։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր և Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի միջեւ լարվածությանը և վերջինիս կողմից արվող հայտարարություններին, թե փորձում էին պարտադրել, որ ստորագրեմ 87 միլիոն դրամի խախտման ակտի տակ։
«Մեր կայքում մանրամասն հանգամանալից պատասխանել ենք, ավելացնելու ոչինչ չունեմ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞վ եք պայմանավորվում ձեր և տվյալ անձի միջև առկա լարվածությունը, Ավանեսյանն ասաց. «Ես որևէ մեկի նկատմամբ չունեմ լարվածություն, այդ թվում նաև պարոն Նազինյանի։ Թե ինքը ինչ ունի լարվածություն, թե ոչ լարվածություն, տեղյակ չեմ»։
Լրագրողները հիշեցրին, որ նախարարը լարվածություն է ունեցել իր տեղակալների, էլի շատ մարդկանց հետո, որոշ հաստատությունների տնօրենների է ազատել, որոնք հետո նրանք դատարանում հաղթեցին ու վերականգնվեցին իրենց պաշտոնում։ Իպատասխան Ավանեսյանն ասաց. «Ձեր նկարագրածը ճիշտ ցուցիչ է, որ մեր համակարգում իսկապես բարեփոխումներ են լինում, իսկ բարեփոխումների շրջանակներում չեն կարող չլինել փոփոխություններ և չի կարող լինել այնպես, որ այն մարդիկ, որոնք այդ համակարգի մաս էին կազմում և մեր պատկերացումով չեն բավարարում մեր դրած չափանիշներին և չեն օգնում մեր բարեփոխումների իրականացմանը, այո, փոխվել են։ Իհարկե իրենք դրանից գոհ չեն, երջանիկ չեն, դա լրիվ նորմալ է, հասկանում եմ։
Առողջապահական ոլորտի բարեփոխումները և համակարգային փոփոխությունները, այդ թվում նաև կադրային համակարգային փոփոխությունները մշտապես իմ օրակարգում ինչպես եղել են, այնպես էլ շարունակվելու են։ Առաջիկայում էլ, վստահ եմ՝ ունենալու ենք թե՛ ազատումներ, թե՛ փոփոխություններ։ Ընդհանուր առմամբ մեր չափորոշիչներն ու նշաձողը, քանի գնա՝ բարձրանալու է մեր կադրերի նկատմամբ։ Ինձ համար կադրային քաղաքականությունը, ինչպես եղել է համակարգը փոխելու կարևոր գործոններից մեկը, այնպես էլ շարունակելու է մնալ»։