հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Շիրակի մարզում «Toyota Prado»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Շիրակի մարզում «Toyota Prado»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17 կմ հատվածում վրացական համարանիշներով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով 2 հոգի տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի, ով անչափահաս է՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: