ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քննարկվել են Հայաստանում բժշկական արտադրատեսակների ներմուծման և մաքսազերծման գործընթացում առկա խնդիրները

Քննարկվել են Հայաստանում բժշկական արտադրատեսակների ներմուծման և մաքսազերծման գործընթացում առկա խնդիրները

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում բժշկական արտադրատեսակների, այդ թվում` սարքերի եւ գործիքների, ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ գործադիր, օրենսդիր մարմիններից, ինչպես նաեւ` շահագրգիռ կազմակերպություններից:

Բժշկական արտադրանք ներմուծող տնտեսավարող մի շարք սուբյեկտների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիտարկումները, մասնավորապես` նշելով, որ Կառավարության 429-Մ որոշման ընդունումից հետո ի հայտ են եկել խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներմուծվող բժշկական արտադրատեսակների պատշաճ պահպանմանը, արագ մաքսազերծմանն ու դրանց իրացմանը: Նրանք խոսել են բժշկական արտադրատեսակների փորձաքննության ժամկետների, դրանց` մինչեւ ներմուծումը հայտ ներկայացնելու հնարավորության, մաքսային պահեստներում պահպանման պայմանների խնդիրների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները հավաստագրերի ժամկետների, տարբեր երկրների համար սահմանված ներմուծման կարգավորումների վերաբերյալ:

Առաջարկվել է քննարկել եւ ներդնել նաեւ վճարովի ծառայությունների համակարգ, որը թույլ կտա սահմանված աշխատանքային օրերը կրճատել եւ ներմուծման հավաստագիր տրամադրել առավել կարճ ժամկետներում: Տեղեկացվել է, որ նշված ընթացակարգերն արդեն իսկ գործում են մի շարք պետական կառույցներում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով տնտեսավարողների հարցերին, նշել է, որ բարձրացրած որոշ հարցեր ունեն իրավական կարգավորումներ, պարզապես ուղեցույցային տեղեկացման անհրաժեշտություն կա: Նա անդրադարձել է վերաարտահանման ռեժիմով այլ երկրներ արտահանելուն, հավաքական բեռից ներմուծվող արտադրատեսակն առանձնացնելուն, հավաստագրերի ստացման կարգավորումներին, արտադրատեսակների ներմուծման դասակարգմանը, ցամաքային սահմանին մաքսազերծման ժամանակ պարտադիր հավաստագրի պահանջին, օնլայն առեւտրին վերաբերող հարցերին:

Տնտեսավարողների հարցերին պատասխանել են նաեւ ՊԵԿ-ի եւ ԱՆ դեղերի եւ բժշկական արտադրատեսակների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները` անդրադառնալով ներմուծվող արտադրատեսակների սերիական համարներին, հավաստագրերի նախապես ստանալուն, ազատ վաճառքի սերտիֆիկատ ստանալուն վերաբերող հարցերին:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար, առաջարկել է հանդես գալ կոնկրետ առաջարկներով: Նա պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում նպաստել համակարգի գործընթացներն ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնելուն:

 

  • Կիսվել: