Քննարկվել է Մխչյանի դպրոցի տնօրենին հեռացնելու հարցը. մարզպետարանի ներկայացուցիչը դպրոցում էր
Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը Մարտուն Մանուկյանը այցելել է Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոց, որտեղ օրեր 4–րդ դասարանի աշակերտներին ստիպողաբար թմրանյութ էր տրվել։
Մարտուն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպել է դպրոցի աշակերտների ծնողների հետ։ Ներկա են եղել նաեւ տուժող երեխաների ծնողները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է դպրոցի տնօրենին հեռացնելու հարցը: Դեռ հստակ որոշում չկա, հաջորդ շաբաթ պարզ կդառնա: Մարզպետարանի կրթության վարչության պետը մինչև տարեվերջ ամեն օր այս դպրոցում կլինի, աշխատանքային օրն այստեղ կանցկացնի։
Ծնողները պնդում են, որ տնօրենին հեռացնելու կարիք չկա, բայց ամենայն հավանականութնամբ, երկուշաբթի նա կհեռացվի։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Այս դեպքի առիթվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):
4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:
2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում