Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները:
«Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքի փոխարեն: Գործող օրենքների համեմատությամբ՝ սահմանվում են նոր հասկացություններ կամ դրանք շարադրվում են ամբողջությամբ նոր խմբագրությամբ՝ համադրվելով նաև միջազգային չափորոշիչներին, օրինակ՝ գիտական, նորարարական գործունեություն, փորձաքննություն, ակադեմիական միավոր, միկրոորակավորումներ և այլն»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ բարձրագույն ուսումնական հաստատության առանձին տարատեսակ է սահմանվել հետազոտական համալսարանը, որը բուհական կրթությանը զուգահեռ ապահովելու է հետազոտական մեծ բաղադրիչ: Այս բուհերի համար սահմանվել են բուհական ձեռնարկատիրության հնարավորություններ՝ սկսած ուսանողական նախաձեռնությունների աջակցությունից մինչև բուհում ստեղծված տեխնոլոգիաների առևտրայնացման հնարավորությունները: Հատուկ կարգավորվում է համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-գիտություն-տնտեսություն կապի կարևոր գործիքներից: Վերասահմանվել են նաև բուհերի գործառույթները, հաշվետվողականության, որոշումների կայացման թափանցիկության պահանջները, ինչպես նաև ֆինանսական ինքնավարության սահմաններն ու դրա երաշխիքները: Նախատեսվում է բուհի առանձին կարգավիճակի սահմանում նաև ոչ առևտրային բնույթի պահանջի ներդրմամբ: Օրենքով ուշադրություն է դարձվում լիցենզավորմանն ու հավատարմագրմանը՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում որակյալ ծառայության մատուցումը երաշխավորող պետական գործիքներ: Ներմուծվել է լիցենզավորման նոր տեսակ՝ բուհի լիցենզավորում, որը հանդիսանում է բուհական գործունեություն իրականացնող մուտքային լիցենզիա, որով կսահմանվեն բուհին ներկայացվող հիմնական պահանջները՝ սկսած շենքային, գույքային պահանջներից մինչև ակադեմիական կազմի պահանջներ: Կարևորելով բարձրագույն կրթության ոչ միայն դասավանդման և ֆորմալ բաղադրիչը, այլև ուսանողի ամբողջական փորձառությունը բուհական համակարգում՝ բուհական կրթության իրավունքի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան ներգրավելու առնվազն 4000 ուսանողների, ինչով կլուծվի փոքր և ոչ կենսունակ բուհերի խնդիրը: Սահմանվել են գիտական կազմակերպությունների տարատեսակները, ամրագրվել են դրանց գործունեությունը, ինքնավարությունը, ազատությունները, հաշվետվողականության երաշխիքները, այդ թվում՝ համալսարաններում գործող գիտական կազմակերպությունների համար, համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ նաև օտարերկրյա կազմակերպությունների հետ:
«Շատ կարևոր բարեփոխում է բուհերի ու գիտական կազմակերպությունների աջակցության տրամադրման ձևերի փոփոխությունը, մասնավորապես՝ նախատեսվում է փոփոխություն ինստիտուցիոնալ կամ բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների, գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով: Նախատեսվում է նաև մրցակցային ֆինանսավորում դրամաշնորհային եղանակով՝ նորարարական, նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով: Նախատեսվում է ներդնել կրթաթոշակային լայն համակարգ ուսանողների աջակցության համար: Կրթաթոշակային համակարգը ստեղծելու է պայմաններ, որպեսզի բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթության համակարգից»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ որպես բարձրագույն կրթության համակարգում որակավորման երրորդ աստիճան: Այս մակարդակի կրթությունը կարող են իրականացնել միայն հետազոտական համալսարանները՝ իրենց կազմում գործող գիտական կազմակերպության հենքի վրա: Կարևոր ճկունություն է, որ ուսանողները կկարողանան սովորել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, ընդ որում՝ նաև հեռավար ձևաչափով: Ըստ նախարարի՝ հեռակա համակարգը ամբողջությամբ դուրս է գալու:
«Ստեղծվել է շատ կարևոր իրավական հենք, որ երկու և ավելի բուհեր, այդ թվում՝ օտարերկրյա, համատեղ մշակեն և իրականացնեն կրթական ծրագիր և կարողանան շնորհել բարձրագույն կրթության որևէ մակարդակի որակավորում: Նախատեսվել են, որ առանձին կրթական ծրագրեր կդասավանդվեն օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը: Առանձին կարգավորումներ են նախատեսվել նաև միջազգային հեղինակավոր բուհերի գործունեությունը մեր երկրում խրախուսելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։
Նախարարի ընդգծմամբ՝ օրենսդրության այս փաթեթը կբերի նաև ընդունելության նոր համակարգ բուհերում, որտեղ սահմանվել են նոր սկզբունքներ ու մեխանիզմներ բարձրագույն կրթության երեք մակարդակներում. ընդունելության և մրցույթի անցկացման իրավասությունները կվերապահվեն բուհերին: Պետությունն իրեն վերապահելու է որոշ առարկաների գծով արտաքին գնահատման կազմակերպում: Ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների մասով ևս կան էական փոփոխություններ: «Մասնավորապես՝ հրաժարվում ենք մոնոպոլիզացված ուսխորհուրդներից, և ուսանողական ինքնակառավարման մարմինները կարող են լինել մի քանիսը՝ ընտրված ուսանողների կողմից, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգով: Շատ կարևոր է, որ ուսանողը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում ունենա անհատական թվանշային տիրույթ՝ դրա միջոցով կառավարելով կրթական գործընթացը՝ ներառյալ իր անհատական կրթական պլանի կազմումը, կրեդիտների հսկողությունը, արտոնություններից օգտվելու հնարավորությունը»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ առանձնահատուկ է Կառավարության քաղաքական հանձնառությունը նաև կառավարման արդյունավետության բարձրացման և բուհերի ապակուսակցականացման առումով: Ըստ այդմ՝ բուհի և դրա կառուցվածքային մարմիններում արգելվում է կուսակցական և պետական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավումը: Նախարարի խոսքով՝ նոր օրենքի նախագծով բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների և հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ՝ ավելի լայն ինքնավարություն շնորհելով ակադեմիական միավորներին: Նախագծում կարգավորվում են Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին ու գործունեությանը վերաբերող հարաբերությունները։ Ըստ այդմ՝ ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորելու է ակադեմիայի անդամներին, գիտական բաժանմունքները, աշխատակազմը, պատվավոր և արտասահմանյան անդամներին և հանդիսանալու է գիտական փորձառության ռեսուրսի խտացումը:
Նախագծում առանձին հոդվածով կարգավորված են ակադեմիական քաղաքի դրույթները: Ամբողջությամբ կարգավորված են այն հիմնական հարաբերությունները, որոնք կվերաբերեն ակադեմիական քաղաքի բուհերի գործունեությանը, նաև ակադեմիական քաղաքի կառուցապատման, զարգացման, հայեցակարգի իրականացման ու մշտադիտարկման աշխատանքները, ակադեմիական քաղաքի տեղադիրքն ու ծրագիրը:
Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը ներառում է նաև հարակից օրենքների փոփոխություններ:
Հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամների հարցերին:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել հուլիսի 1-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում: