շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նա շնորհավորել է շրջանավարտներին հարազատ կրթօջախից դեպի քաղաքաշինության մեծ ընտանիք մուտք գործելու առթիվ և հանձնել է Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։

«Ստանալով դիպլոմները դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքով զինվելու ձեր ջանքերի վկայականը, այլ նաև աշխատաշուկայում ձեր մասնագիտական ուղու անցաթուղթն ու կարիերայի աճի հիմնաքարը, և այդ անցաթուղթ-երաշխավորագիրը ձեզ է տալիս ավելի քան 100-ամյա ավանդույթներ ունեցող համալսարանը»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ արձանագրելով, որ համալսարանը թևակոխել է առավել դինամիկ զարգացման փուլ։

Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նվիրման համար, իսկ նորավարտ մասնագետներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմահարթակից աշխատանքի առաջարկ արել։ «Մեր երկիրն այսօր քաղաքաշինական ծավալուն և ակտիվ գործընթացների փուլում է։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառավարության հայտնի ծրագրի ավարտի նախաշեմին մեկնարկել է երկրորդ փուլը։ Շարունակվում է մարզական ու առողջապահական կենտրոնների ստեղծումը։ Անշրջելի է քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, որակի նշաձողի բարձրացումը։ Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման  և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի մշակումը, կանաչ և կայուն քաղաքաշինության լուծումների ներդրումը։ Այս բոլոր ուղղություններում մենք ունենք թարմ մտքի, ժամանակակից տեխնոլոգիաների և համարձակ մոտեցումների կարիք՝ ձեր կարիքը։ Դիմե՛ք և փորձե՛ք ձեր ուժերը»,-կոչ է արել Եղիազար Վարդանյանը՝ վստահեցնելով, որ Քաղաքաշինության կոմիտեի և պետական այլ կառույցների դռները բաց են համալսարանականների համար։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի ավարտել է 962 շրջանավարտ։ Նրանց դիպլոմներ են հանձնել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ճարտարապետների պալատի նախահագ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը:

  • Կիսվել: