Պայթյուն, փլատակներից տուժածների դուրսբերում, տարհանում. երկրաշարժի իմիտացիա Արարատ քաղաքում
Պայթյուն բենզալցակայանում, քաղաքացիների տարհանում, փլատակներից տուժածների դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում…
Սարսափ ֆիլմի սցենար չէ. ՆԳՆ Փրկարար ծառայության հերթական տակտիկական ուսումնավարժանքն է՝ այս անգամ Արարատ քաղաքում։
Ըստ սցենարի՝ փրկարարները աշխատանքներ են իրականացնում երկրաշարժից տուժած տեղամասերում։
ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանի խոսքով՝ «Աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում. ընտրվել է Արարատի բժշկական քոլեջը, բենզալցակայանը, որտեղ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, և երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզված շենք-շինությունը»։
Ուսումնավարժանքին ներգրավված էին մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները, Պարեկային ծառայությունը, «Արարատ» բժշկական կենտրոնի անձնակազմը, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ուսումնավարժությանը հետևում էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Պարբերաբար անցկացվող վարժանքների նպատակը փրկարարների հմտությունների կատարելագործումը, ճգնաժամային իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությունները զարգացնելն ու հասարակության պաշտպանվածությունը բարձրացնելն է: