երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Պապոյանն ու Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». լուսանկարներ

Պապոյանն ու Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». լուսանկարներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։

Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ
շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար հանքարդյունահանող ընկերություն է: Այն Հայաստանի խոշոր հարկատուներից է(ավելի քան 101 մլրդ ՀՀ դրամ 2024թ․ տվյալներով), խոշոր գործատուներից մեկը՝ ավելի քան 4600 աշխատակից։ ԶՊՄԿ արտադրանքը (պղնձի և մոլիբդենի կոնցենտրատը) ապահովում է Հայաստանի արտահանման զգալի մասնաբաժինը։

«ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, կարող է մասնաբաժինն ունենալ հանքից, այս տարի ոչ միայն խոշոր հարկեր են վճարվել գործարանի կողմից, այլ նաև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել և մոտ 100 միլիոն դոլար պետական բյուջե գումար է մուտք արվել», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Շրջայցի ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությունը, զարգացման ծրագրերն ու կարևոր դերը երկրի տնտեսության զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման հնարավորություններին։

Ընկերության ենթակառուցվածքները տեղակայված են Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում: Հանքաքարի տարեկան արտադրությունը կազմում է 22 մլն տոննա։

ԶՊՄԿ-ն մշակել է կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշների համապատասխանության ռազմավարություն՝ որդեգրելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական բարեփոխումների փուլային ներդրման պլան։

Այցին մասնակցել են նաև Այցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:

  • Կիսվել: