հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ոչ ոք իրավունք չունի որեւէ ուսուցչի հանդեպ իրեն այդպես պահել. ԿԳՄՍ փոխնախարարը Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Ոչ ոք իրավունք չունի որեւէ ուսուցչի հանդեպ իրեն այդպես պահել. ԿԳՄՍ փոխնախարարը Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Անթույլատրելի ու դատապարտելի է որևէ ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը. Առհասարակ, դպրոցն այն միջավայրն է, որտեղ  ցանկացած տիպի բռնություն անթույլատրելի է, առավելևս այն անթույլատրելի է  ուսուցչի հանդեպ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

Նա ընդգծեց, որ ծնողները պետք է հստակ գիտակցեն ուսուցչի դերն իրենց երեխայի կյանքում, որևէ մեկն իրավունք չունի որևէ ուսուցչի հետ իրեն նման կերպ պահել. «Բնականաբար, դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, բայց միայն տնօրենի պարտականությունները կատարողին այդ պարտականություններից կատարումից զրկելով հարցը չի լուծվում։ Խնդիրը շատ խորքային է, այդ երեխաները, ծնողները, որոնք հարցերը նման  ձևաչափով բարձրացնում էին, մեկ օրվա արդյունք չէ։ Ռիսկ կա, որ նման իրավիճակ ունենք այլ դպրոցներում»,- ասաց փոխնախարարը։

Արաքսիա Սվաջյանը հավելեց, որ իրենք ուսումնասիրել են ուսուցչի վարքը, նաև տեսանյութերից է պարզ երևում, որ թեև հունից դուրս եկած, հունից դուրս հանող մեկնաբանություններով էին դիմում ուսուցչին, նա իրեն պահում էր հավասարակշիռ. «Անկախ նրանից, ուսուցիչն ինչպիսի վարք դրսևորած կլինի,  ուսուցչի հետ խնդիրները պարզելու ձևաչափը դա չէ։

Ամեն օր ստանում ենք բռնությունների,  բուլինգի վերաբերյալ դեպքերի մասին տեղեկություններ, երբեմն նաև ուսուցիչների կողմից, բայց որևէ մեկը չի թույլատրում որևէ մեկին ուսուցչի հետ նման կերպ վարվել։ Դրա համար կան համապատասխան կառույցներ»,- ասաց նա։

  • Կիսվել: