Նոր մանրամասներ՝ Արին Բերդի փողոցում գտնվող վառելիքի պահեստի՝ 800 000 լիտր տարողությամբ ռեզերվուարում բռնկված հրդեհից
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Արին Բերդի փողոցում գտնվող վառելիքի պահեստի բենզինի 800000 լիտր տարողությամբ ռեզերվուարում բռնկված հրդեհի մարման աշխատանքների վերաբերյալ․
«Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը. պահանջվել է օգնություն և դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող վառելիքի պահեստի բենզինի 800000 լիտր տարողությամբ ռեզերվուարում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին, մարվել՝ 10։59-ին։ Այրվել է ռեզերվուարում առկա բենզինը։ Ըստ ակնադիտական տվյալների, մարումից հետո ռեզերվուարում եղել է մոտ 1,5 տոննա բենզինային վառելիք։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս 5 ռեզերվուարներ. իրականացրել են երկու ռեզերվուարի հովացման աշխատանքներ»։