Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։
Նախարարը ողջունել է խորհրդի անդամներին՝ վստահություն հայտնելով, որ այս հարթակը կդնի համագործակցային նոր ձևաչափի սկիզբ՝ ի նպաստ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման։ Խոսելով խորհրդի նոր կազմի ձևավորման անհրաժշտության մասին՝ վերջինս ընդգծել է, որ այս տարվա հունվարի 30-ին Կառավարության կողմից ընդունված «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները» հաստատող որոշումն իրավական և կառուցվածքային հիմք է հանդիսացել նոր կազմով ձևավորված Խորհրդի համար։
«Այս հարթակը համատեղ փորձի փոխանակման և համակարգային բարեփոխումների ձևավորման մասին է, որտեղ մենք կարող ենք քննարկել քաղաքականության բացերը, վերլուծել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և պետական մարմիններին ներկայացնել հիմնավորված առաջարկներ՝ օրենսդրական փոփոխությունների, հանրային իրազեկման արշավների իրականացման և այլ ուղղություններով։ Խորհուրդը գործելու է թափանցիկության և հանրային ներգրավվածության սկզբունքներով։ Վստահ եմ, որ մեր միասնական ուժերով կարող ենք ոչ միայն արձագանքել բռնության դեպքերին, այլև նախևառաջ կանխել դրանք»,- նշել է նախարարը
Խորհրդի անդամներին ողջունել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը․ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը կազմված է կառույցներից, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք են կատարում ոլորտի կայացման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման գործում։ Ուրախ եմ, որ այսօր ունենք նաև ոլորտը կարգավորող ռազմավարություն և վստահ եմ, որ խորհրդի աշխատանքները կօգնեն ռազմավարությունը կյանքի կոչել, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց բազմամասնագիտական, պատշաճ աջակցություն տրամադրել»։
Նիստն ընթացել է քննարկման ձևաչափով, որի շրջանակում խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից արձանագրված ոլոտային խնդիրները, հանդես եկել առաջարկներով։
Նիստի շրջանակում ԱՍՀՆ և Համաշխարհային բանկի փորձագիտական թիմը ներկայացրել է Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով թեժ գծի ներդրման նախագիծը։
Օրակարգում եղել է նաև ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարության 5-րդ գերակայությամբ սահմանված գործողությունների քննարկումը, «Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթաց» ուղեցույցի ներկայացումը։
Նիստն ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում օրենսդրական բարեփոխումների ներկայացմամբ և դրան հաջորդած հարցուպատասխանով։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։