Մոսկվայում անցկացվում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների փառատոնը (լուսանկարներ)
Այսօր Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցասրահ-համալիրում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների ամենամյա երկօրյա փառատոնը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:
Նշվում է, որ փառատոնի շրջանակում անցկացվում են «Բարեկամության գավաթ» ֆուտբոլային մրցաշար, «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների ազգային տարազ» խորագրով լուսանկարների ցուցահանդես, տիկնիկային ներկայացում, նարդու և շախմատի մրցաշարեր, նորաձևության ցուցադրություն, ինչպես նաև բարեկամության բազմազգ երթ է լինելու։ Զուգահեռ անցկացվում է նաև «Ծիրան» տոնը։
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների փառատոնը լայնածավալ միջոցառում է, որը կազմակերպել են «Ռուսաստանի հայերի դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպությունը, ВДНХ-ն և Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Մոսկվայի կառավարության աջակցությամբ:


