«Mercedes»-ի վարորդը, վթարի մեջ հայտնված ավտոմեքենաներից խույս տալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և մեկ պտույտ շրջվել. կան վիրավորներ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 11-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին, 1 պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ երբ ինքը դեպի Վանաձոր ընթանալիս է եղել, նկատել է իր առջևում 2 ավտոմեքենաներ բախվել են իրար, ու որպեսզի նա նրանց չհարվածի, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։
Տեղում պարեկները պարզել են, որ այդ ավտոմեքենաներն են Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արմո Ա.-ի վարած «ԶԱԶ» մակնիշի և 34-ամյա Հայկ Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Նշված ավտոմեքենաների բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են վթարի ենթարկված, երթևեկելի գոտուց դուրս հայտնված «Mercedes»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։