Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն գործարար, բարերար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանը (1925-2013թթ.): Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է «Կասկադ» համալիրի (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան) մի հատված, ինչպես նաև՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում գտնվող քանդակներից մի քանիսը:
Գեղաթերթիկի վրա նաև առկա են «ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ԲԱՐԵՐԱՐ, ԳՈՐԾԱՐԱՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: