Լինել ուսանողի կողքին աշխատաշուկա մուտքը սահուն դարձնելու համար. «Ապագա» հիմնադրամն ընդլայնում է գործընկերների շրջանակը
«Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի շրջանակում հնարավորություն կլինի աջակցել 70 ուսանողի։ «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշեց, որ տարեցտարի ավելացնում են և շահառուների թիվը, և ընդլայնում են գործընկերների շրջանակը։
«Մեր ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում։ Մենք գիտենք, թե ուսանողներն ինչ դժվարություններ են ունենում աշխատաշուկա մուտք գործելու ճանապարհին։ Ահա մեր հարթակը լավ հնարավորություն է այդ ճանապարհին աջակցություն ստանալու համար։ Մենք ոչ միայն աջակցում ենք 1 տարվա 80% վարձավճարի փոխհատուցման հարցում, այլև հնարավորություն է տրվում մասնակցել առաջատար կազմակերպությունների մասնագետների կողմից անցկացվող կրթական դասընթացներին, ակտիվ ներգրավվել մասնագիտական պրակտիկ աշխատանքներում։ Լավագույնները տեղավորվում են աշխատանքի»,-ասաց Ռոզա Սոլոմոնյանը։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները։ Հիմնադրամը նախապես գործատուների շրջանում իրականացնում է հետազոտություն, առանձնացնում է այն ուղղությունները, որոնցով կա մասնագետների պահանջարկ, ըստ այդմ էլ ընտրում են շահառու ուսանողներին։
Ծրագրին միացել են տարբեր գործընկերներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից։ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը նշեց, որ 2 տարի առաջ նախարարությունը որդեգրեց երիտասարդներին ներգրավելու քաղաքականություն։
«Մենք հանդիսանում ենք հարթակ, որտեղ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել։ Միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին, թե ինչպես ուսանողների ռեսուրսն օգտագործել նախարարության առջև դրված խնդիրների լուծման համար։ Ասեմ, որ եթե 2021 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքներում ներգրավվել էր 1 ուսանող, ապա 2024 թվականին արդեն 39 հոգի է ներգրավվել։ Նախարարությունում 350 աշխատակից ունենք, որից 126-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են»,-ասաց Կարեն Սարգսյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել երիտասարդ կադրերի վերապատրաստման հարցում, ինչը կօգնի նրանց նոր հմտություններով մուտք գործել աշխատաշուկա։