Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը
Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ասոցիացիայի անդամները և կոմիտեի ներկայացուցիչները։
Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ առաջարկվող տարբերակի առանցքային նպատակն է լուծել քաղաքաշինական ծրագրերի որակի կառավարման և պլանավորման խնդիրները։ «Ընդհանուր գաղափարը՝ պարզ նկարագրությամբ, այն է, որ մասնավորը կառուցի համապատասխան շենքեր, շինություններ և երկարաժամկետ կտրվածքով իրականացնի դրանց պահպանումը, իսկ պետությունը, ըստ էության, վարձակալի՝ որպես դպրոց շահագործելու համար։ Մասնավորը շահագրգռված կլինի ապահովել որակյալ շինարարություն՝ հետագա պահպանման համար անհրաժեշտ ծախսը նվազագույնի հասցնելու համար»,-ներկայացրել է կոմիտեի ղեկավարը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դիտարկվում է միջազգային կազմակերպությունների խորհրդատվական ու ֆինանսական աջակցությամբ համագործակցության առավել արդյունավետ մոդելի և մրցութային ընթացակարգի մշակման հնարավորությունը։ Նա կարևորել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին հուզող բոլոր հարցերի վերհանումը՝ միջազգային փորձագետների հետ համատեղ գործուն մեխանիզմներ մշակելու, հնարավոր ռիսկերը կանխատեսելու և որակյալ արդյունք ապահովող, փոխշահավետ համակարգ ունենալու համար։
Քննարկվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ֆինանսավորման մեխանիզմների, յուրաքանչյուր կողմի պատասխանատվության շրջանակի հստակեցման վերաբերյալ և մի խումբ այլ հարցեր: