Ինձ որևէ մեկը չի տեղեկացրել նիստի հետաձգման մասին. պարզաբանումներ կտանք. Հայկ Սարգսյան
Ինձ որևէ մեկը չի տեղեկացրել նիստի հետաձգման մասին, իմացել եմ առավոտյան՝ ժամը 9։00-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գումարով բանակից ազատվելու նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հարցին՝ սա արդյո՞ք ազդակ է, որ թիմակիցները դեմ են իր նախագծին՝ պատգամավորը պատասխանեց.«Սա ազդակ է, որ նիստը հետաձգվեց։ Թեմայի շուրջ պարզաբանումներ կտանք»։
Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագծով առաջարկում է զինծառայությունից խուսափելուց և 27 տարեկանը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, վճարել 15 միլիոն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից։
Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
«Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,
5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր»,- նշվում է նախագծում: