Հորդորում ենք ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումն օրինական բոլոր միջոցներով. Մայր Աթոռ
Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:
«Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը:
Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։
Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ: