ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացավ համաժողով

ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացավ համաժողով

Երևանում կայացավ Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP 30-ի և Հայաստանում կայանալիք COP 17-ի միջև: 

Քանի որ միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025թ. համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025թ. նոյեմբերի 10-21) և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) 2026 թ. աշնանը, այս նշանակալի պահը պահանջում է միավորված տեսլական, ինտեգրված գործողություններ և միջսահմանային համագործակցություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը բացման խոսքում նշեց, որ տվյալ գերատեսչությունը տարբեր հարթակներում խոսելով կարևոր թեմաների մասին՝ վերջապես մոտենում է այն կետին, որտեղ համագործակցությունը ամենից շատ է անհրաժեշտ, որպեսզի լինի առողջ շրջակա միջավայր բոլորի համար։

«Առողջ շրջակա միջավայր ունենալը մարդու հիմնարար իրավունքներից է։ Որպեսզի ունենանք կայուն զարգացող, հզոր երկիր և ապահովենք երկարաժամկետ առաջընթաց, պետք է ունենանք առողջ շրջակա միջավայր, որովհետև մեր արտադրանքն ու ծառայությունները գալիս են շրջակա միջավայրի որակից։ Եթե ունենք գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես կաթնամթերքը, որ ստանում ենք արոտավայրերից, ուրեմն պետք է պահպանենք կենսաբազմազանությունը, որն անհրաժեշտ է բարձր որակի սննդամթերք արտադրելու համար։ Խոսում ենք շուկաների դիվերսիֆիկացիայի մասին՝ մատնանշելով, որ Հայաստանը բռնել է ԵՄ տանող ճանապարհը, ուստի այդտեղ շատ կարևոր են մեր արտադրանքի որակն ու շուկայի դիվերսիֆիկացիան»,- նշեց Մեյմարյանը։ 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է նման հարթակներում ընդգծել, թե որքան էական է շրջակա միջավայրի պահպանությունը, թե որքան կարևոր է պայքարել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների դեմ՝ պահպանելով մեր հողերն անապատացումից։

«Այստեղ է, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն ունի անելիքներ, բայց մենք միայնակ չենք կարող հաջողությունների հասնել, ուստի անհրաժեշտ է պետական համակարգի, մասնավոր սեկտորի, գիտական հաստատությունների, ՀԿ-ների և միջազգային գործընկերների սերտ համագործակցությունը։ Հայաստանի տնտեսությունը շատ կախված է վարկերից, ուստի համապատասխան վարկավորումը շատ կարևոր է բիզնեսն առաջ տանելու համար։ Հենց այստեղ է, որ մասնավոր սեկտորին պատկանող ֆինանսական կառույցներում բնապահպանական մոտեցումներն հաշվի առնող վարկերը իրական դաշտում կարող են տալ ցանկալի արդյունք, այսինքն՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները՝ կարող են ապահովել ներդրողների ու բիզնեսմենների համար կայուն, երկարաժամկետ զարգացում, ինչպես նաև հնարավորություն կտան Հայաստանին իր որակյալ արտադրանքը ներկայացնել այնպիսի շուկաներում, որոնք բավականին բծախնդիր են ապրանքների որակի և դրանց արտադրության պայմանների նկատմամբ»,- մանրամասնեց փոխնախարարը։ 

Մեյմարյանն ընդգծեց, որ Հայաստանը, ստանձնելով կենսաբազմազանության COP-17-ի նախագահությունը, պետք է լինի առաջատար և օրինակելի երկիր շրջակա միջավայրի պաշտպանության առումով։ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն արդեն կանգնած են ՀՀ-ի կողքին, քանի որ բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են համատեղ ջանքերով, տալիս են գիտելիք և ճանապարհ՝ անցում կատարելու դեպի ավելի արդյունավետ և գիտելիքահեն լուծումների՝ կանխելով հողերի անապատացումը և կառավարելի դարձնելով ջրային ռեսուրսների ու անտառների պահպանությանն առնչվող աշխատանքները։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշեց, որ COP-17-ի կազմակերպումը Հայաստանում համատեղ նախաձեռնություն է, քանի որ փոխգործակցությունն այդ առումով չափազանց անհրաժեշտ է։ 

«Հայաստանի կառավարությունն, ինչ խոսք, պետք է ցույց տա դեպի ապագա տանող ճանապարհը՝ ստանձնելով կարևոր հանձնառություն և իրականացնելով անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Սա մեզ համար հնարավորություն է տեսնել, թե Հայաստանն իսկապես ինչ կարող է անել այդ ճանապարհին։ Մեր աշխատանքի մի մասը Հայաստանում կապված է նրա հետ, թե ինչպես է զարգանում տնտեսության դիվերսիֆիկացիան։ Մենք ցուցաբերում ենք ավելի գլոբալ մոտեցում և համոզված ենք, որ կայունությունը մեզ արդյունավետ համագործակցության հնարավորություն է տալիս։ Սա մեզ համար նաև ռազմավարական ճանապարհ է։ COP-17-ը ոչ միայն հնարավորություն է Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար՝ խորացնելու առկա գործընկերությունն ու խթանելու համատեղ գործողությունները, որոնք միտված են կենսաբազմազանության հավակնությունները տեղական մակարդակում նշանակալի փոխակերպումների վերածելուն»,- ասաց Մարագոսը։ 

Նրա կարծիքով՝Հայաստանն իսկապես հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և այդ առումով ունի մեծ ներուժ՝ չնայած այս պահին արդեն իսկ բախվում է բնապահպանական մեծ մարտահրավերների։ 

«Անտառների պահպանումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և հողերի անապատացման կանխարգելումը շատ կարևոր թեմաներ են, ուստի կենսաբազմազանությանն առնչվող հարցերը պետք է լինեն առանցքային։ Սա կարևոր է նաև ԵՄ-ի համար Հայաստանի կառավարության հետ համագործակցության համատեքստում։ Մեզ համար բնապահպանական ուղղությունները հիմնասյուներ են, քանի որ խոսքը վերաբերում է կենսակերպի պահպանմանը, առողջ միջավայրին և անվտանգ ապրելակերպին»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Համատեղ իրականացվող նախաձեռնությունների թվում Մարագոսն առանձնակի հիշատակեց Սևանա լճի կենսաբազմազանության պահպանմանն առնչվող ծրագիրը, առավել ևս, որ Սևանա լիճն, ըստ նրա, լոկ ջրային ավազան չէ, այլ Հայաստանի բնապահպանական խոշորագույն ակտիվն է։ 

«Մենք հետայսու ևս ամրապնդելու ենք կառուցողական փոխգործակցությունը, որը համարժեք ֆինանսական աջակցության պայմաններում միտված է էկոհամակարգի ենթակառուցվածքների վերականգնմանը։ Մեր նոր ծրագիրը կունենա ֆինանսավորման համապատասխան մեխանիզմներ և կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։ Վստահաբար Հայաստանը կարող է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ազգային ռազմավարությունը հաջողությամբ կյանքի կոչել։ Միասին կարող ենք հասնել ավելի մեծ արդյունքների՝ կենսաբազմազանության պահպանումն ու ռացիոնալ օգտագործումը համարելով որպես տնտեսության զարգացման հենք»,- ասաց Մարագոսը։         

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշեց, որ COP 17-ի շրջանակում կայացվելու են կարևոր որոշումներ, իսկ Հայաստանը ստանձնելու է երկամյա պատասխանատվություն այդ որոշումների իրականացման ու վերահսկման համար։  

«Համաժողովը Հայաստանի համար ստեղծելու է մի միջավայր՝ կենսաբազմազանության ոլորտում նշանակալից աշխատանքներ իրականացնելու համար։ Դա նաև դիտարկվում է որպես երկարաժամկետ ներդրում տարբեր տեսանկյուններից։ Ես հանգամանորեն ուսումնասիրել եմ Հայաստանի կենսաբազմազանությունը։ Շատ փոքր տարածքի պայմաններում նման բազմազանությունն իսկապես տպավորիչ է, որովհետև այստեղ առկա է կենդանական և բուսական հրաշալի միջավայր։ Այդ առումով Հայաստանն իսկապես ֆանտաստիկ երկիր է։ Հայաստանը ՄԱԿ-ի համակարգի ներքո ունի ազգային հանձնառություններ, որոնք ներկայացվելու են COP-30-ի գագաթնաժողովում։ Շատ կարևորում ենք նաև Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված և ազգային ռազմավարությամբ ամրագրված գործողությունների իրականացումը»,-ասաց Ժակոբը։ 

Ըստ նրա՝ կենսաբազմազանության ու կլիմայի փոփոխության թեմաներն ընդհանրական են և առնչվում են բոլոր շահագրգիռ կողմերին։ 

«Մենք շարունակաբար մեծ ուշադրություն ենք դարձնում կանաչ օրակարգին։ Դա վերաբերում է և՛ գյուղատնտեսությանը, և՛ էներգետիկային, և՛ շրջանառու տնտեսությանը։ Ցանկանում ենք նաև բարելավել արոտավայրերի արդյունավետ կառավարումը Հայաստանում՝ բարձրացնելով փոքր տնտեսությունների եկամտաբերությունը։ 2030 թվականին ընդառաջ՝ բոլոր երկրներում ընտրվել է թիրախ՝ տարածքների 30 տոկոսը պետք է լինի պահպանվող։ Հայաստանը նույնպես սահմանել է ցուցիչներ, որոնց միջոցով հետևելու է այդ կարևոր գործընթացին»,- ասաց Ժակոբը։  

  • Կիսվել: