ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կանադան բարձր է գնահատում տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանն ուղղված ՀՀ ջանքերը. դեսպան Թըրները՝ Խաչատուրյանին

Կանադան բարձր է գնահատում տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանն ուղղված ՀՀ ջանքերը. դեսպան Թըրները՝ Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին:

«Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է աջակցելու Հայաստանին անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկացած երկրի համար, ցանկացած երկրում ապրող ժողովրդի ինքնության համար հենց պետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ կարևորագույն գրավականներն են, որպեսզի մարդիկ այդ երկրում իրենց անվտանգ զգան և մտածեն զարգացման մասին»,- նշել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը նաև շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ Կանադան ցուցաբերել է Հայաստանին, և դժվարին ժամանակահատվածում կանգնել է Հայաստանի կողքին` արտահայտելով իր համերաշխությունը: Այդ համատեքստում առանձնակի ընդգծվել է Կանադայի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելության կազմում, որն արժեքավոր ներդրում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:

«Ուրախ եմ այս հանդիպման համար։ Միշտ լավ առիթ է տոնելու հայ-կանադական բարեկամությունը։ Սա երկրորդ անգամն է, երբ մենք միասին ենք տոնում Կանադայի օրը, այն պահից, երբ դեսպանությունը բացվեց այստեղ։ Կարծում եմ, որ մենք, ինչպես նշեցիք, տպավորիչ առաջընթաց ենք ունեցել մեր հարաբերություններում անցյալ տարում»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Էնդրյու Թըրներ նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և այս առնչությամբ կշարունակի իր օժանդակությունը: Նա նաև հայտնել է Կանադայի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ ղեկավարությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ընթացքում կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղված ջանքերը: Երկուստեք կարևորվել է տնտեսական բնագավառում, առևտրային կապերի աշխուժացման, բարձր տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում շեշտվել է խորհրդարանական դիվանագիտության առաջմղման և կանադական լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունը քաղաքական մշակույթի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին և այս համատեքստում ընդգծվել է ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցային ներուժի իրականացումը:

  • Կիսվել: