ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մակրոնը ծրագրել է զանգահարել Իրանի նախագահին՝ Ֆրանսիայի քաղաքացիների դեմ հարուցված լրտեսության մեղադրանքի հարցով

Մակրոնը ծրագրել է զանգահարել Իրանի նախագահին՝ Ֆրանսիայի քաղաքացիների դեմ հարուցված լրտեսության մեղադրանքի հարցով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել իրանական բանտում պատիժ կրող երկու ֆրանսիացիների դեմ առաջադրված լրտեսության մեղադրանքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Մակրոնը քննադատել է Իրանին Իսրայելի օգտին մեղադրանքներ հնչեցնելու համար՝ դրանք անվանելով «Ֆրանսիայի դեմ սադրանք» և «անընդունելի ընտրություն ագրեսիայի օգտին»։ Մակրոնի խոսքով՝ ինքը արդեն երկու անգամ կապ է հաստատել Փեզեշքիանի հետ՝ քննարկելու համար ոչ միայն հանրապետության միջուկային ծրագիրը, այլև բանտարկյալների ճակատագիրը։

«Ես զանգահարելու եմ նախագահ Փեզեշքիանին և խնդրելու եմ, որ այս գործը վերագնահատվի»,-նշել է նա:

Մակրոնը նաև ընդգծել է, որ «պատասխանը չի ուշանա», և եթե մեղադրանքները շարունակվեն, Փարիզն առաջիկա շաբաթներին պատասխան միջոցներ կձեռնարկի։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ քայլեր կձեռնարկվեն՝ նշելով միայն, որ կան «շատ տարբեր պատժամիջոցներ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլլերը և Ժակ Պարին ձերբակալվել են Իրանում 2022 թվականի մայիսին։ Իրանի իշխանությունները նրանց մեղադրել են ուսուցիչների բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու փորձի մեջ։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ բանտարկյալների հետ կապ հաստատելու հարցում խոչընդոտներ կան և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել։

 

  • Կիսվել: