հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՀՀ ԱՆ պատվիրակությունը Ժնևում մասնակցում է ԱՀԿ 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին

ՀՀ ԱՆ պատվիրակությունը Ժնևում մասնակցում է ԱՀԿ 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին

Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը:

Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն և հակազդում հանրային առողջության արտակարգ իրավիճակներին, առողջ ապրելակերպի խթանում, մայրական առողջության և մանկական մահացության վերաբերյալ կայուն զարգացման նպատակների իրագործման խթանում, հակամանրէային դիմադրության ու այլ օրակարգային թեմաներ են քննարկվում վեհաժողովի ընթացքում:

Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերներին անդրադառնալիս Լենա Նանուշյանն իր ելույթում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին.

«2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո՝ համաշխարհային համավարակի և 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 115000 բնակչության բռնի տեղահանման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգը բախվեցին զգալի մարտահրավերների՝ ճգնաժամի մասշտաբներին դիմակայելու համար։ Մենք ստիպված էինք լուծել բռնի տեղահանվածների, մասնավորապես՝ վառելիքի պահեստի պայթյունի զոհերի առողջապահական անհետաձգելի կարիքները։ Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։ Այս փորձը մեզ համար ընդգծեց առողջապահական համակարգի վերականգնումը խաղաղության կառուցման ավելի լայն ջանքերի հետ համատեղելու կարևորությունը: Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, այլև անհրաժեշտ ծառայություններին, այդ թվում՝ առողջապահությանը հասանելիությունը: Այս առումով, Հայաստանը ակտիվորեն աշխատում է մեր տարածաշրջանում խաղաղությունը խթանելու ուղղությամբ՝ ոչ միայն երկխոսության, այլև սահմանների բացման, հաղորդակցության և համագործակցության խթանման միջոցով, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ նախաձեռնության միջոցով»,- իր ելույթում շեշտադրել է Լենա Նանուշյանը:

Պատվիրակության անդամները հանդես են եկել հակամանրէային դիմադրությանը (AMR), Միջազգային առողջապահական կանոնակարգերին (IHR), առողջապահության աշխատուժին, արգանդի պարանոցի քաղցկեղին և ոլորտի այլ հարցերին վերաբերող ելույթներով` ներկայացնելով հիշյալ ուղղություններով Առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումներն ու մոտեցումները:

Հատկանշական է, որ ԱՀԿ անդամ-պետությունների խորհրդակցությունների արդյունքում վեհաժողովին ընդունվել է ԱՀԿ համավարակի մասին համաձայնագիրը (Pandemic Agreement):

Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում «Աշխարհն առանց ծխախոտի» (World No Tobacco Day) խորագրով մրցանակաբաշխության ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Լենա Նանուշյանին շնորհել է այս տարվա #WorldNoTobaccoDay մրցանակը: Այն` որպես համաշխարհային ճանաչում, արտացոլում է Առողջապահության նախարարության առաջնորդությունը կյանքեր փրկելու, երիտասարդներին պաշտպանելու և ծխախոտային արդյունաբերության ազդեցությանը դիմակայելու գործում:

 

  • Կիսվել: