ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը մեկնարկել է «Տեսնում ենք ձեզ մեր սրտերով» նախաձեռնությունը

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը մեկնարկել է «Տեսնում ենք ձեզ մեր սրտերով» նախաձեռնությունը

Հատուկ կարիքներ ունեցող անձանց հզորացմանն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերի շրջանակում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը մեկնարկել է «Տեսնում ենք ձեզ մեր սրտերով» նախաձեռնությունը, որի շրջանակում Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին են նվիրաբերվել  համակարգիչներ և ավտոբուս։ Նախաձեռնությունն իրականացվել է Շարժայի բարեգործական տան աջակցությամբ:

Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դր․ Նարիման Ալ Մուլլան, դպրոցի տնօրեն տիկին Սոնա Դավթյանը, ինչպես նաև մի շարք ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ։

Իր ելույթում դեսպան Ալ Մուլլան նշել է, որ այս նախաձեռնությունը խորհրդանշում է ԱՄԷ-ի ղեկավարության և ժողովրդի հանձնառությունը՝ աջակցելու հատուկ կարիքներ ունեցող անձանց աշխարհի տարբեր կողմերում։ Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակն է օժանդակել համապարփակ և հավասար հնարավորություններ ընձեռող կրթական միջավայրի ստեղծմանը՝ նպաստելով աշակերտների կարողությունների զարգացմանն ու հասարակական կյանքում ակտիվ ներգրավմանը։

«Մենք ԱՄԷ-ում, տեսնում ենք ձեզ մեր սրտերով և հավատում, որ դժվարությունները խոչընդոտ չեն, այլ խթան՝ գերազանցության և նորարարության հասնելու ճանապարհին», – նշել է դեսպանը։

Նա իր երախտագիտությունն է հայտնել Շարժայի բարեգործական տանը մեծահոգի աջակցության համար՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը հնարավոր է եղել կյանքի կոչել բացառապես այս մարդասիրական համագործակցության շնորհիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի ղեկավարությանը և ուսուցչական կազմին՝ երեխաների համար ջերմ, ներառական և աջակցող միջավայր ստեղծելու անխոնջ աշխատանքի համար, ինչպես նաև բարձր է գնահատել ծնողների դերը երեխաների ուսման և առաջընթացի խրախուսման գործում։

 

Դպրոցի տնօրեն տիկին Սոնա Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ-ին՝ ընդգծելով, որ այս աջակցությունը որակական նոր փուլ կբացի երեխաների կյանքում։ Նա նշել է, որ նվիրաբերված ավտոբուսն էապես կթեթևացնի աշակերտների՝ դպրոց հասնելու դժվարությունը և կնպաստի դասերին կանոնավոր հաճախելուն, ինչպես նաև կխթանի արտադասարանական և հասարակական միջոցառումներին մասնակցությանը։  Տնօրենը հավելել է, որ թե՛ ավտոբուսի և թե՛ համակարգիչների տրամադրումն իրականում վաղուց սպասված ու կենսական նշանակություն ունեցող աջակցություն էր դպրոցի համար։

 

Միջոցառումն անցկացվել է ջերմ և հուզիչ մթնոլորտում։ Աշակերտներն ու նրանց մայրերը հանդես են եկել շնորհակալական խոսքերով՝ շեշտելով, որ այս քայլը նոր հորիզոններ կբացի թե՛ կրթության և թե՛ սոցիալական ներառման համար։

Երեխաները հանդես են եկել նաև տարբեր երաժշտական կատարումներով՝ ի նշան երախտագիտության և հատուկ կարիքներ ունեցող անձանց տրամադրվող մշտական աջակցության։

  • Կիսվել: