Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին մասնակցել է Դիլիջանում մեկնարկած Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) չորրորդ ամենամյա համաժողովին:
«Ամեն տարի այս համաժողովին մասնակցում են հանրահայտ մասնագետներ. նպատակն է համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են անել ավելին հանուն գիտության և տեխնոլոգիաների զարգացման»,- ողջունելով մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը: Նա շնորհակալություն է հայտնել Հայ մշակութային և գիտական ընկերակցությանը (ASOF) նման ձևաչափով համաժողով, պանելային քննարկումներ կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Ամենամյա համաժողովը հարթակ է ներկայացնելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներն ու նախագծերը: Նպատակն է Հայաստանը դարձնել մրցունակ երկիր համաշխարհային գիտական և տեխնոլոգիական ոլորտներում՝ աջակցելով կրթության, գիտահետազոտական, արդյունաբերության ոլորտներում կարողությունների զարգացմանը:
Գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ պանելային քննարկմանը ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար Հակոբ Արշակյանը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում:
Ձևավորվել են 8 աշխատանքային խմբեր. երեք «հորիզոնական»՝ կրթություն, գիտություն, արդյունաբերություն և 5 «ուղղահայաց»՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն և ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և կյանքի գիտություններ: Խոսելով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության մասին՝ նշվել է, որ աշխատանքային խմբի կողմից կազմվել և շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը: Հիմնադրամի նպատակներից է զարգացնել և ամրապնդել ՏՏ ոլորտում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները, կրթական ոլորտում խորացնել հետազոտական ներուժը, ինչպես նաև ստեղծել բարենպաստ միջավայր կայուն բիզնեսի զարգացման համար:
Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կառավարման խորհրդի՝ պետություն-մասնավոր համամասնությանն ու ձևաչափին, հիմնադրամի աշխատանքին և հաշվետվության մեխանիզմներին:
Պանելային քննարկմանը մասնակցել են Բրաունի համալսարանի պրոֆեսոր Նորա Այանյանը, Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանի պրոֆեսոր Կարեն Էգիազարյանը, «ԵՐԵՎԱՆԷՆ» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը և Հայկական կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը: Մտքերի փոխանակության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Հայ մշակութային և գիտական ընկերակցությունը (ASOF) միավորում է 361 գիտնականների և փորձագետների աշխարհի 35 երկրներից, որոնք մասնագիտացած են 126-ից ավելի գիտական ուղղություններում: Այս բազմազան համայնքում ընդգրկված են ինչպես խոստումնալից երիտասարդ մասնագետներ, այնպես էլ կայացած գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ: ASOF անդամներից ավելի քան 55-ը ներկայում դասավանդում և հետազոտական գործունեություն են իրականացնում աշխարհի առաջատար շուրջ 100 համալսարաններում: