ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԵՏՀ նախարարը կոչ է արել ՀՀ մաքսային ծառայության «մեկ պատուհանի» փորձը տարածել ամբողջ ԵԱՏՄ-ի վրա

ԵՏՀ նախարարը կոչ է արել ՀՀ մաքսային ծառայության «մեկ պատուհանի» փորձը տարածել ամբողջ ԵԱՏՄ-ի վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն այսօր Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ առաջարկել է մաքսային ոլորտում ՛՛մեկ պատուհանի՛՛ սկզբունքի ներդրման հայկական փորձը տարածել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների վրա։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի Պետական ​​Եկամուտների Կոմիտեում գործող էլեկտրոնային ՛՛մեկ պատուհանի՛՛ համակարգը պարզ է և մատչելի. նույնիսկ փորձ չունեցող ձեռնարկատերերը կարող են հեշտությամբ լրացնել մաքսային հայտարարագրերը, կցել ուղեկցող փաստաթղթեր և ստանալ թույլտվություններ։

՛՛Արժե մտածել, թե ինչպես կիրառել ձեր հաջողված փորձը ԵԱՏՄ մյուս երկրներում՛՛,-նշել է Դավիդովը՝ դիմելով տեսակապի միջոցով քննարկմանը միացած ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանին։

Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը, որն ընդգծել է ԵԱՏՄ սահմաններին միջազգային բեռների մաքսային ձևակերպման ժամանակը 10 րոպեով նվազագույնի հասցնելու կարևորությունը։

՛՛Դա հենց այն նպատակն է, որը նախկինում ուրվագծել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՛՛,-հիշեցրել է նա։

 

  • Կիսվել: