երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ես այնքան պարգևավճար եմ ստանում,  որքան ստանում են բոլոր նախարարները. Բադասյան

Ես այնքան պարգևավճար եմ ստանում, որքան ստանում են բոլոր նախարարները. Բադասյան

«Ես այնքան աշխատավարձ ու պարգևավճար եմ ստանում, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ արձագանքելով մամուլում իր պարգևավճարների մասին հրապարակումներին։

Սակայն նախարարը չցանկացավ կոնկրետ նշել, թե որքան գումար է  ստանում՝  ասելով, որ  այդ ամենը հրապարկված է իր հայտարարագրում, որը բաց է։

Նշենք, որ հրապարակումների համաձայն, Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 դոլար միայն պարգևավճար:

Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և ՀՀԿ-ի հայտարարությանը, որ դա շինծու, մեկ մարդու ցուցմունքով գործընթաց է, նշեց, որ ցանկացած նախկին պաշտոնատար անձի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որ հարուցվում, քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական են:

«Նույնիսկ կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են: Այսինքն, որ սա քաղաքական հետապնդում է եւ այլն: Գործող իշխանությունը որևէ կերպ մեղավոր չի, որ նման շատ կոռուպցիոն  դեպքեր են եղել և այսօր ամբողջ իրավապահ համակարգը լծված է կոռուպցիոն բնույթի քրգործերի քննությանը: Մենք հաստատ մեղավոր չենք: Հիմա էլ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ գործեր հարուցվում են, քննվում են, այսինքն՝ որեևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: