Սոկոլովը մտադիր է Հայաստանից ԱՄՆ վերահասցեավորել պղնձի խտանյութի մատակարարումները․ Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կապեր ունեցող խորհրդային ծագումով ամերիկացի ներդրողը նախատեսում է ընդլայնել իր ներդրումները Հայաստանի պղնձարդյունաբերության ոլորտում։ Նա ակնկալում է, որ տարածաշրջանում իր տնտեսական ներկայությունն ամրապնդելու Վաշինգտոնի ջանքերի ֆոնին տարածաշրջանն ավելի լայնորեն կբացվի։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրն աննախադեպ իրադարձություն է, որը կարող է արմատապես վերափոխել տարածաշրջանը»,— Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Կոնստանտին Սոկոլովը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի մեծությամբ երկրորդ պղնձարդյունահանող ընկերությունը։ «Ես խիստ շահագրգռված եմ ընդլայնելու գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ հաստատապես հավատում եմ դրա ընդհանուր ներուժին»։
Սա ճանապարհ է հարթել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածության համար, այդ թվում՝ առաջարկվող տարանցիկ միջանցքի միջոցով, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։
TRIPP միջանցքը համատեղ կառավարելու են Հայաստանը և ամերիկյան ընկերությունը։ ԱՄՆ-ն ընդլայնում է իր ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ զարգացնելով առևտուրը, հասանելիություն ապահովելով ռազմավարական նշանակության օգտակար հանածոներին և ամրապնդելով տնտեսական կապերն այն տարածաշրջանների հետ, որտեղ ավանդաբար գերիշխել են Ռուսաստանն ու Չինաստանը։
Սոկոլովի կողմից պղնձարդյունահանող «Թեղուտ» ՓԲԸ-ի ձեռքբերումը համահունչ է ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը, և նա դարձել է տարածաշրջանում Թրամփի վարչակազմի գործադրած ջանքերի հետ կապված առանցքային դեմքերից մեկը։
Այս տարի 51-ամյա Սոկոլովը գլխավորել է Transcaspian Enterprise Fund-ը։ Այն ամերիկյան ոչ առևտրային ներդրումային հիմնադրամ է, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ ենթակառուցվածքային և առևտրային նախագծերում մասնավոր կապիտալ ներգրավելու նպատակով։ ԱՄՆ կառավարության 201 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությամբ հիմնադրամը կենտրոնանալու է TRIPP-ի և ավելի լայն՝ Անդրկասպյան առևտրային միջանցքի զարգացման վրա, որն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրները։
Սոկոլովի խոսքով՝ ինքն ու տնօրենների խորհրդի մյուս անդամներն իրենց աշխատանքի դիմաց վարձատրություն չեն ստանում։ Նա նշել է, որ հիմնադրամի ղեկավար կազմը ձևավորվել է՝ հաշվի առնելով ուղղակի ներդրումների ոլորտում ունեցած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի և այն ճյուղերի իմացությունը, որտեղ նախատեսվում է ներդրումներ կատարել։
Սոկոլովը պատմել է, որ շուրջ 3,1 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ներդրումային հնարավորությունները սկսել է նկատել դեռ 2021 թվականի վերջին՝ համարելով, որ երկիրը կանգնած է տնտեսական թռիչքի շեմին։
Մոսկվայում գրանցված ՎՏԲ բանկից «Թեղուտը» գնելիս Սոկոլովը մրցակցության է բախվել ռուսական և չինական ընկերությունների կողմից, սակայն, նրա խոսքով, իր ընկերությունը հաղթել է՝ առաջարկելով 228,5 միլիոն դոլար։
Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական վարկատուից հանքավայրը գնելու համար նա թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC)։
«Թեղուտի» արտադրական հզորությունը տարեկան մոտ 80 հազար տոննա պղնձի խտանիշ է։ Ձեռնարկությունն արտադրությունը սկսել է 2014 թվականին։
Մինչ օրս արտադրանքի մեծ մասը մատակարարվում էր Չինաստան։ Սոկոլովը նախատեսում է այն ուղղել դեպի ԱՄՆ՝ կնքելով առևտրային նոր պայմանագրեր այն բանից հետո, երբ դեկտեմբերին կավարտվի արտադրանքի գնման գործող համաձայնագրի ժամկետը։
«Այս գործարքի գլխավոր նպատակներից մեկն ամերիկյան մատակարարման շղթաների համար Հայաստանի ռազմավարական նշանակության հանքային ռեսուրսների հասանելիությունն ապահովելն էր»,— նշել է նա։
Սոկոլովը ծրագրում է տարեկան արտադրության ծավալը հասցնել 120–130 հազար տոննա պղնձի խտանիշի, որը պարունակում է շուրջ 26–28 հազար տոննա պղինձ։ Նրա խոսքով՝ նոր արտադրական հզորությունները շահագործման կհանձնվեն 2030 թվականին, իսկ 2031-ին ձեռնարկությունը կսկսի աշխատել ողջ հզորությամբ։
Գործարարը հայտնել է, որ ավելի լայն տարածաշրջանում ևս դիտարկում է կենսական նշանակության ենթակառուցվածքների հետ կապված նախագծեր՝ առաջին հերթին էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների և կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում։



