կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Երևանում քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից կոտրվել ու տապալվել է

Երևանում քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից կոտրվել ու տապալվել է

Երեկ՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հաստաբուն ծառը քամու հետևանքով արմատից պոկվել ու տապալվել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Գրեթե 5 ժամից ավել ոչ միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, այլ նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները չժամանեցին դեպքի վայր։

  • Կիսվել: