Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Kia»-ի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքաված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակյանն ու պարեկ Արման Բաբայանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ «Kia»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: