Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։
Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Կարմիր խաչի մարդասիրական գործունեությունը, և ընդգծել, որ համայնքը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև իրագործված ու ընթացիկ ծրագրերին, նախանշել առաջիկա անելիքները: